Մարտի 1-ը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ զրո խտրականության դրսեւորման միջազգային օրն է: Դրան ընդառաջ, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» կազմակերպությունը նախաձեռնել է հանրային միջոցառումների շարք: Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու եւ լուսաբանելու այն:
Երկուշաբթի օրը՝ փետրվարի 24–ին, ժամը 14.00-ին Երեւանի պետական բժշկական համալսարանում տեղի կունենա հանրային միջոցառում՝ «Մի՛ անհանգստացիր, հետազոտվի՛ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ: Պատմի՛ր հարեւանիդ:» խորագրի ներքո: Հաճելի պարային երաժշտության տակ պարային խումբը «սալսա» պարի միջոցով կբարձրաձայնի ՄԻԱՎ-ի, հիվանդության կանխարգելման, հետազոտության կարեւորության մասին: Անցորդները կարող են միանալ «սալսա»-ի «մաստեր կլասին», վայելել հաճելի ժամանց եւ ստանալ տեղեկատվություն հիվանդության մասին: Իսկ հայտնի հաղորդավար Եգոր Գլումովը կանցկացնի ՄԻԱՎ-ի վերաբերյալ հարցերով ինտերակտիվ վիկտորինա: Լավագույն պարողները եւ հարցերին ճիշտ պատասխանողները կստանան նվերներ:
ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով՝ 1988թ. մինչեւ 2013թ. դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1619 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500: Մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կեսից ավելին չգիտի իր կարգավիճակի մասին:






