Նիկարագուայում Զիկա տենդի վարակման 2 դեպք է գրանցվել։ Դրանով կենտրոնամերիկյան այս հանրապետությունը դարձավ 22-րդ երկիրը, ուր ներթափանցել է գրեթե ողջ Լատինական Ամերիկյան «գրաված» վիրուսը։ Հունվարի 29-ին Նիկարագուայում Զիկա, Դենգե եւ Չիկունգունյա տենդերի դեմ պայքարի հատուկ համաժողով է կայանալու։
Վարակման նոր դեպքեր են նկատվում նաեւ Եվրոպայում. Պորտուգալիայում հունվարի 27-ին 5 մարդու մոտ Զիկա տենդ է ախտորոշվել։ Նրանք բոլորը վերջերս այցելել էին Բրազիլիա։
Նույն օրը Զիկա վիրուսով վարակվելու դեպք է գրանցվել Ֆինլանդիայում։ Եվս 2 դեպք է գրանցվել Գերմանիայում։ Իսկ ավելի վաղ հաստատվել էր Զիկա վիրուսի առկայությունը Դանիայի բնակչի մոտ։
ԱՄՆ-ում Զիկա վիրուսով վարակվածների թիվը հասել է 6-ի: Նրանցից 4-ը բնակվում են Նյու Յորքում, մեկական՝ Արքանզասում եւ Վիրջինիայում: Նրանց բոլորին միավորում է փաստը, որ վերջերս նրանք դուրս են եկել երկրի սահմաններից:
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հունվարի 27-ին կոչ էր արել պատերազմ հայտարարել մոծակներին, որոնք տենդ են տարածում։ «Մենք պետք է պատերազմ սկսենք Aedes Aegypt մոծակների դեմ, որոնք Զիկա, Դենգե եւ Չիկունգունյա տենդերի տարածողներն են։ ԱՀԿ-ն նախազգուշացրել է, որ մեր ողջ տարածաշրջանը վտանգի տակ է»,- գրել է Ռուսեֆը Twitter-ում։
Ավելի վաղ Բրազիլիայի առողջապահության նախարար Մարսելու Կաստրոն հայտնել էր, որ իշխանությունները բանակը կներգրավեն Զիկա տենդի դեմ պայքարի գործում։
Նշենք, որ Զիկա տենդը ինֆեկցիոն հիվանդություն է, որը տարածվում է մոծակների խայթոցների եւ, հնարավոր է, սեռական ճանապարհով։ Վիրուսը հատկապես վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ, գիտնականների խոսքով, պտղի մոտ կարող է առաջ բերել ուղեղի զարգացման ծանր խանգարումներով ուղեկցվող միկրոցեֆալիա։ Սալվադորում, օրինակ, կանանց խորհուրդ են տվել չհղիանալ առաջիկա 2 տարիների ընթացքում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնի տեղեկություններով՝ 2015թ. ապրիլից մինչ օրս Բրազիլիայի 18 նահանգներում արդեն գրանցվել է այդ տենդի կես միլիոն դեպք։ Կոլումբիայում վարակման դեպքերի թիվը հատել է 13 հազարի շեմը։






