Գիտնականները նոր ճկուն սենսոր են մշակել, որի հաստությունն ընդամենը 8 մկմ է: Այդ սենսորն ապագայում կարող է օգնել ավելի արդյունավետ դարձնելու կաթնագեղձի քաղցկեղի ախտորոշումը. մշակողները վստահ են, որ կաթնագեղձի հյուսվածքների շոշափման համար ներկառուցված սենսորով ձեռնոցների օգտագործումը թույլ կտա անհամեմատ ավելի հեշտորեն ի հայտ բերել կոշտացումները:
Սարքը սռեղծվել է Տոկիոյի համալսարանի գիտնականների կողմից` Սունգ-Վոն Լիի ղեկավարությամբ: Ի տարբերություն այլ սենսորների, որոնց հաստությունը գերազանցում է 100 միկրոնը, այս սենսորը պահպանում է զգայունությունը նույնիսկ ուժեղ դեֆորմացիայի դեպքում, ինչը հնարավորություն է տալիս այն օգտագործել բարդ կառուցվածքով մակերեւույթների վրա: Նոր սենսորը միաժամանակ 144 տեղում կարող է ի հայտ բերել կոշտացումները եւ ճնշումը:
Ճկուն եւ թափանցիկ սենսորի ստացման համար գիտնականներն օգտագործել են ածխածնային նանոխողովակներ եւ գրաֆեն, որոնք համադրվելով էլաստիկ պոլիմերային նյութի հետ, թույլ են տվել 300-700 մն տրամագծով նանոնրբաթելեր ստեղծել: Այդ նանոնրբաթելերն էլ հենց սենսորի հիմքն են հանդիսացել:
Հեղինակները նշում են, որ իրենց ստեղծած նյութը հնարավոր է կիրառել ոչ միայն կրծքաբանության մեջ. այն կարող է օգտագործվել արհեստական արյունատար անոթների ստեղծման համար (որոնք կզգան ճնշման նվազագույն փոփոխությունները), ինչպես նաեւ ռոբոտացված բժշկական համակարգերի մշակման:
Այս նոր մշակման մասին տեղեկացնում է Nature Nanotechnology ամսագիրը:






