A(H1N1) վիրուսը, որը նախկինում առավել հայտնի է որպես «խոզի գրիպ», 2009 թ. համավարակի պատճառ էր դարձել ու այդ ժամանակվանից ի վեր շարունակում է շրջանառել մարդկանց մեջ որպես սեզոնային գրիպի վիրուսներից մեկը, ասված է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի հայտարարության մեջ:

2009 թ. համաշխարհային բնակչությունը թույլ իմունիտետ ուներ A(H1N1) վիրուսի նկատմամբ, քանի որ դա գրիպի նոր տեսակ էր: Համապատասխանաբար, այն առաջացրել էր գլոբալ համաճարակ, որից, ըստ գնահատված տվյալների, միայն 2009 թ. 100 000-400 000 հազար մարդ է մահացել:

Այդ համավարակից հետո A(H1N1)–ը սկսել է ամեն տարի շրջանառել որպես սեզոնային գրիպի վիրուս՝ A(H3N2) եւ B վիրուսներին զուգահեռ՝ չնայած գրիպի յուրաքանչյուր սեզոնում կարող են տարբեր վիրուսներ գերակայել: 2015-2016 թթ. սեզոնում Եվրոպական տարածաշրջանի մի քանի երկրներում դիտարկվել են հիվանդության ծանր դեպքեր ու մահացու ելքեր, որոնց պատճառը A(H1N1) գրիպն էր:

Սեզոնային A(H1N1) վիրուսը զգալի փոփոխություններ չի կրել 2009 թ. պանդեմիկ շտամմի համեմատ:

 2009 թ հայտնված A(H1N1)-ը հայտնի է դարձել որպես վիրուս, որը հիվանդության ծանր տեսակ էր առաջացնում մնացած առումներով առողջ երիատասարդ չափահաս մարդկանց շրջանում՝ ի տարբերություն A(H3N2) վիրուսի, որը հիվանդության ծանր տեսակների ու մահացու ելքի պատճառ է դառնում հիմնականում տարեց մարդկանց շրջանում: Այն երկրներում, որտեղ շրջանառում է A(H1N1) վիրուսը, կարող է ավելանալ գրիպի ծանր դեպքերի ու մահացու ելքերի թիվը՝ մնացած առումներով առողջ երիտասարդ չափահաս մարդկանց՝ այդ թվում հղի կանանց շրջանում:

Յուրաքանչյուր սեզոնում մշակվում է հակագրիպային պատվաստանյութ, որի նպատակն է մարդկանց պաշտպանել այն վիրուսներից, որոնք ըստ հետազոտության տվյալների, շրջանառելու են այս տարի: Հյուսիսային կիսագնդի 2015-2016 թթ. գրիպի սեզոնի համար մշակված պատվաստանյութն ընգրկել է A(H1N1), A(H3N2) եւ B վիրուսների շտամմները:

Կան վկայություններ, որ այս սեզոնում պատվաստանյութերի շտամմները բավականաչափ համընկնում են սեզոնային գրիպի վիրուսների հետ՝ այսինքն վիրուսները, որոնք ընդգրկվել են պատվաստանյութի մեջ, զգալի նմանություն ունեն մարդկանց շրջանում շրջանառող վիրուսների հետ: Հետեւաբար ակնկալվում է, որ այս պահին գործածվող պատվաստանյութը պաշտպանության բավարար մակարդակ կապահովի:

Քանի որ բնակչության որոշ խմբեր հիվանդության ծանր տեսակի զարգացման մեծ ռիսկի տակ են , ԱՀԿ-ն համառորեն խորհուրդ է տալիս նրանց ամեն տարի պատվաստվել գրիպից: Այդ գրիպների շարքին են պատկանում 65-ն անց մարդիկ, որոնք ապրում են ծերերի ու հաշմանդամների համար ստացիոնար հաստատություններում, հղի կանայք, խրոնիկ հիվանդություններով՝ օրինակ սրտի կամ թոքերի հիվանդություններով, կամ նեվրոլոգիական խանգարումով բոլոր մարդիկ, նաեւ 6-ից 59 ամսական երեխաները:

Անկախ այն հարուցած վիրուսի տեսակից, գրիպը միշտ էլ տհաճ հիվանդություն է, բայց սովորաբար այն անցնում է թեթեւ ու մարդկանց մեծ մասն առողջանում է: Հազի, փռշտոցի, կոկորդացավի կամ թեթեւակի բարձրացած ջերմության նման ախտանիշներով մարդիկ կարող են մնալ տանը ու դիմել մոտակա դեղատուն՝ խորհրդատվության ու /կամ ցավազրկող ու հակաարյունականգ միջոցներ ստանալու համար:

Մարդիկ, որոնց մոտ զարգանում են ծանր ախտանիշներ, որոնց վիճակը չի լավանում այդ ախտանիշների հայտնվելուց հետո 72 ժամվա ընթացքում ու որոնք ենթակա են հիվանդության ծանր տեսակի զարգացման բարձր ռիսկի, պետք է խորհրդակցեն իրենց թերապեւտ բժշկի հետ, որպեսզի հնարավորինս շուտ սկսեն բուժումը հակավիրուսային դեղամիջոցներով (օսելթամիվիրով կամ զանամիվիրով): Նման բուժումը պետք է նշանակվի անհապաղ՝ չսպասելով գրիպի անալիզի արդյունքներին: