Ամերիկացի եւ կանադացի գիտնականները Հարավային Ամերիկայում մոլեգնած Զիկա տենդի դեմ պատվաստանյութ են մշակում, որի նմուշները ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կարող են հասանելի լինել մինչեւ տարեվերջ։

Լավալ քաղաքի համալսարանի կանադացի դեղագործ Գերի Քոբինջերը Reuters-ի հետ զրույցում հայտնել է, որ դեղամիջոցի մշակմամբ զբաղվող կոնսորցիումում ընդգրկված են Փենսիլվանիայի համալսարանը, Inovio Pharmaceuticals ամերիկյան ընկերությունը եւ GeneOne Life Science հարավկորեական ընկերությունը։

Քոբինջերի խոսքով՝ կլինիկական փորձարկումները պլանավորում են սկսել սեպտեմբերին, իսկ մինչեւ տարեվերջ պատրաստ կլինեն նմուշները։ Եվ ոլորտի կարգավորողի թույլտվությունը ստանալուց հետո պատրաստ կլինեն արտակարգ դեպքերում օգտագործելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Զիկա տենդը կապիկների ինֆեկցիոն հիվանդություն է, որը երբեմն մոծակների միջոցով փոխանցվում է մարդուն։ Հիվանդությանը բնորոշ է բարորակ ընթացքով տենդը։ Վիրուսը հատկապես վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ պտղի մոտ առաջ է բերում ուղեղի զարգացման բարդացումներով ուղեկցվող միկրոցեֆալիա։

Առողջապահության  համաշխարհային կազմակերպության եւ Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնի  տեղեկություններով՝ 2015թ. ապրիլից մինչ օրս Բրազիլիայի 18 նահանգներում արդեն գրանցվել է այդ տենդի կես միլիոն դեպք։ Կոլումբիայում վարակման դեպքերի թիվը հատել է 13 հազարի շեմը։