Հակադեպրեսանտներն էականորեն մեծացնում են հիվանդների կողմից ինքնասպանությունների ռիսկը, պարզել են Լոնդոնի Համալսարանական քոլեջի գիտնականները:  Նրանք համարում են, որ դեղագործական ընկերությունները չեն տեղեկացնում վտանգավոր կողմնակի էֆեկտների եւ նույնիսկ այն հիվանդների մահվան մասին, որոնք նման դեղամիջոցներ են ընդունել:   Ամենատարբեր հակադեպրեսանտների վերաբերող 70 կլինիկական հետազոտության մետաանալիզը, որն ավելի քան  18 000 մարդու է վերաբերել, ցույց է տվել, որ մինչեւ 18 տարեկանների մոտ դրանք կրկնակի ավելացնում են ինքնասպանության եւ ագրեսիվ պահվածքի ռիսկը:

Չնայած հակադեպրեսանտների եւ ինքնասպանության ռիսկի միջեւ նման նկատելի կապ չափահաս հիվանդների մոտ հայտնաբերել չի հաջողվել, հետազոտության հեղինակները կարծում են, որ կլինիկական հետազոտությունների վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը կարող է հանգեցնել այդ դեղամիջոցների կողմից մարդու առողջությանը հասցվող վնասի լուրջ թերագնահատման: Երկար տարիների ընթացքում տարբեր ընտանիքներ պատմել են, որ հակադեպրեսանտներն իրենց սիրելի մարդկանց ինքնասպանության են հասցրել, բայց տարբեր դեղագործական հսկաներ միշտ ժխտել են այդ կապը, իսկ բժիշկներն ասել են, թե դա ապացուցված չէ:  

Այժմ բրիտանացի հետազոտողները համադրել են իրական հիվանդների վերաբերյալ տեղեկությունների հսկայական ծավալը եւ նկատել են, որ դեղագործական ընկերությունները կանոնավոր կերպով թաքցրել են հակադեպրեսանտներ ընդունող մարդկանց մահերի եւ ինքնասպանության դրվագների մասին տեղեկությունները, որպեսզի իրենց արտադրանքը ոչ շահավետ լույսի ներքո չներկայացնեն: Փորձագետները ստացված եզրահանգումները համարում են տագնապալի եւ լուրջ մտավախություններ առաջացնող: