Հայաստանում դաբաղի եւ անասունների այլ հիվանդությունների տարածմանը  կարող է նպաստել սպանդանոցների սխալ կազմակերպումը: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել «Սպառողների խորհրդատվական կենտրոնի» ղեկավար Կարեն Չիլինգարյանը:  Նրա խոսքով, Հայաստանում անասնաբուժությամբ հիմնականում զբաղվում են գյուղերում եւ հեռավոր գյուղերի բնակիչների համար անհարմար եւ ոչ շահավետ է մեկնել տարածաշրջանային կենտրոններ, որտեղ տեղակայված են սպանդանոցները:  Նման ուղեւորությունները բազմաթիվ ավելորդ ծախսեր են ստեղծում, եւ այդ մարդկանց մեծամասնությունը անասուններին մորթում է հենց իր բակում: Համապատասխան սանիտարական պայմանների բացակայության պարագայում այդ ժամանակ մսի մեջ կարող են ոչ միայն դաբաղի, այլեւ շատ այլ հիվանդությունների հարուցիչներ ներթափանցել:  

Կարեն Չիլինգարյանի կարծիքով անասունների շրջանում վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար ցանկալի կլիներ ավելի լավ կազմակերպել սպանդանոցների աշխատանքը. օրինակ, սպանդանոցների եւ գյուղերից անասնապահների միջեւ կապ կարող է լինել եւ սպանդանոցների ներկայացուցիչներն իրենք կարող են գալ անասունների հետեւից` իրենց մեքենայով: Դա անասնապահին կազատի ավելորդ ծախսերից, որոնք կապված են անասունների տեղափոխման հետ, եւ նրանք այլեւ կարիք չեն ունենա անասուններին իրենց բակում մորթելու: 

Վարակիչ հիվանդությունների տարածմանը կարող են նպաստել նաեւ մսի պահպանման եւ վաճառքի սխալ պայմանները, նշել է ՀԿ-ի ներկայացուցիչը: Օրինակ, մսի առեւտրով զբաղվող շատ խանութներում չեն պահպանում սանիտարական պայմանները եւ չեն հետեւում հիգիենայի կանոններին:  

Կարեն Չիլինգարյանը նաեւ նշել է, որ իր կարծիքով, դաբաղով վարակված կենդանիների թիվը Հայաստանում մեկից ավելի է. նրա խոսքով, մեկ դեպքի պատճառով հազիվ թե նման իրարանցում լիներ: