Հայաստանում 2014-ին քաղցկեղից մահացության ցուցանիշը (2015-ի վերաբերյալ վերջնական տվյալներ առայժմ չկան) եղել է 189՝ 100 000 բնակչի հաշվարկով, իսկ հիվանդացության ցուցանիշը եղել է 277՝ 100 000 բնակչի հաշվարկով: Նման տվյալներ են ներկայացրել Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը եւ Հայաստանի Ուռուցքաբանների ասոցիացիայի ղեկավար Գրիգոր Բադալյանը ավելի վաղ WorldLifeExpectancy.com կայքի կողմից ներկայացված տվյալների քննարկման ընթացքում: Կայքը քաղցկեղից մահացության քարտեզ է  թողարկել, որի համաձայն, Հայաստանը աշխարհի 172 երկրների թվում տվյալ ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցնում:  

Ինչպես նշել է Ալեքսանդր Բազարչյանը, Հայաստանում քաղցկեղից հիվանդացման եւ մահացության ցուցանիշները ցածր չեն, սակայն ինքը ոչ կոռեկտ է համարում երկրները ըստ այդ ցուցանիշի դասակարգելը:  Նրա խոսքով, անհասկանալի է նաեւ կայքի օգտագործած հաշվարկի մեթոդոլոգիան, եւ հայտնի չեն դրա համար օգտագործված աղբյուրները: Կայքում նշված է, որ օգտագործվել են ԱՀԿ-ի տվյալները, սակայն կոնկրետ հղում չկա:

Ինստիտուտի տնօրենը պարզաբանել է, որ ԱՀԿ-ն, ինչպես եւ մեր Առողջապահության ինստիտուտը օգտագործում են մահացության վերաբերյալ պաշտոնական տվյալները, որոնք հրապարակվել են Ազգային վիճակագրական ծառայության կողմից: Երկու կառույցն էլ իրենց վերլուծության մեջ օգտագործում են հիվանդությունների վերջին` տասներորդ միջազգային դասակարգիչը, այնպես որ Հայաստանի վերաբերյալ ԱՀԿ-ի տվյալները գործնականում չեն տարբերվում մեր Առողջապահության ինստիտուտի տվյալներից:  

Մասնավորապես, ինչպես նշել է Գրիգոր Բադալյանը, Հայաստանի վերաբերյալ ԱՀԿ-ի վերջին հայտնի տվյալները վերաբերում են  2012 թվականին (Բազարչյանի խոսքով, դրանք հնարավոր է գտնել ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի  «Առողջություն բոլորի համար» շտեմարանում): Այդ տարի Հայաստանում քաղցկեղից մահացության ցուցանիշը կազմել է  188՝ 100 000 բնակչի հաշվարկով եւ չի տարբերվում Ուռուցքաբանության ազգային ինստիտուտի եւ Առողջապահության ազգային ինստիտուտի ընթացիկ ցուցանիշներից:  Միաժամանակ, վերոհիշյալ կայքում, որտեղ Հայաստանն առաջին տեղում է դրվել, նշված է 100 000 բնակչի հաշվարկով 279 ցուցանիշը:

Ինչպես նշել է Ալեքսանդր Բազարչյանը, քաղցկեղը ուրբանիզացված երկրներին բնորոշ հիվանդություն է եւ Հայաստանը ներգրվում է այդ վիճակագրության մեջ:  Եվրոպական տարածաշրջանի շատ երկրներ ցուցանիշներով գերազանցում են Հայաստանին, իսկ շատերը զիջում են: Մասնավորապես, Ռուսաստանում, ինչպես տեղեկացրել է Գրիգոր Բադալյանը, քաղցկեղից մահացության ցուցանիշը ավելի բարձր է` 199: Վրաստանում, Ալեքսանդր Բազարչյանի խոսքով, ավելի ցածր է: Բայց, ինչպես պնդում է  Ինստիտուտի տնօրենը, ավելի խոսուն ցուցանիշներ կան, օրինակ`  0-65 տարեկանում մահացության ցուցանիշը, եւ այդ ցուցանիշով Մոլդովան եւ Հունգարիան գերազանցում են Հայաստանին: Ամեն դեպքում Բազարչյանի խոսքով, կարեւոր չէ, թե որ տեղում ենք, մեր ցուցանիշները ցածր չեն եւ դա չենք կարող անտեսել: 

Ինչպես պարզաբանել է Գրիգոր Բադալյանը, քաղցկեղով հիվանդացությունը եւ համապատասխանաբար մահացությունն աճում են ամբողջ աշխարհում եւ Հայաստանը բացառություն չէ: Այսպես,  2010-ին Հայաստանում քաղցկեղով հիվանդացմության 7593 նոր դեպք է գրանցվել, իսկ 2014-ին` 8365: Այսինքն 4 տարվա ընթացքում հիվանդացության 10 տոկոս աճ է գրանցվել: Բայց մահացության ցուցանիշն այս ընթացքում գործնականում չի փոխվել. 2010-ին  այն եղել է 186, իսկ  2014-ին` 189:

NEWS.am Medicine-ի թղթակցի` Հայաստանում քաղցկեղի բարձիթողության ցուցանիշի մասին հարցին ի պատասխան, Գրիգոր Բադալյանը նշել է, որ այս ցուցանիշը, որը ցույց է տալիս, թե  որ փուլում է սովորաբար հայտնաբերվում քաղցկեղը,  Հայաստանում շարունակում է բարձր մնալ`  42-43 տոկոս: Այսինքն Հայաստանում քաղցկեղը հիմնականում հայտնաբերվում է ուշ` 3-4-րդ փուլերում: Մասնագետների խոսքով, դա ցույց է տալիս, որ Հայաստանի համար այժմեական են մնում ուռուցքային հիվանդությունների վաղ ախտորոշման եւ կանխարգելման հարցերը: 

Քննարկման կազմակերպիչները` Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը եւ Հանրային լրագրության ակումբը, պարզաբանման համար դիմել են նաեւ WorldLifeExpectamcy.com կայքի հիմնադիր Թոմ Լեդակին: Իր պարզաբանման մեջ պարոն Լեդակը դարձյալ նշել է, որ կայքը բացառապես ԱՀԿ-ի տվյալներն է օգտագործում, բայց կոնկրետ հղումներ այդպես էլ չի ուղարկել: Փոխարենը նա հավատացրել է, որ կայքը այլ շահեր չի հետապնդում, իսկ Հայաստանը պիտի ընդունի, որ կա նման խնդիր: Լեդակի խոսքով, իրենց նպատակը Հայաստանին օգնելն է: