Հայաստանում գրիպի բարդությունների պատճառով մահացության առաջին դեպքերը գրանցվել են դեկտեմբերի 29-30-ին, իսկ հիվանդացության գագաթնակետը հունվարի 17-18-ին է եղել։ Հենց այդ օրերին գրիպով եւ ՍՇՎ-ով հոսպիտալացված հիվանդների թիվը հասավ 1100-1200-ի։ Այս մասին լրագրողներին հայտնել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը։
Նրա խոսքով՝ այսօր տարածաշրջանի շատ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, գրանցվել է գրիպի եւ ՍՇՎ հիվանդությունների բարձր մակարդակ, սակայն Հայաստանում հունվարի 18-ից հետո հիվանդությունը սկսել է մարել։ Երկրում անցկացվող ամենօրյա մշտադիտարկման տվյալներով՝ վերջին օրերին հղի կանանց շրջանում հիվանդանալու դեպքերը 50-60 տոկոսով պակասել են, իսկ գրիպի եւ ՍՇՎ-ի հարուցած բարդացումների պատճառով հոսպիտալացվածների թիվը պակասել է 15 տոկոսով։
Վանյանի խոսքով՝ այսօրվա դրությամբ գրիպի եւ ՍՇՎ ախտանիշներով ստացիոնար բուժման է վերցված 700-705 հիվանդ, որոնցից 6-ը միացված են արհեստական շնչառության ապարատին։
Վանյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ էր գրիպի սեզոնին եւ կանխարգելիչ միջոցները թույլ չեն տվել հիվանդությանը տարածվել ողջ երկրով։ Դեռ մինչեւ սեզոնի մեկնարկը շատ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ վերապատրաստում են անցել։ Թրենինգներ են անցկացվել դպրոցների տնօրենների, բուժքույրերի եւ մանկավարժների հետ։ Մասնագետի խոսքով՝ գրիպի տարածմանը խանգարել են նաեւ գրիպի դեմ փոխպատվաստումները, որոնք դեռ նախքան սեզոնի սկսվելը կազմակերպվել էին ռիսկային խմբերի հիվանդների մոտ։






