Լատինական Ամերիկայի շատ երկրներում հսկայական արագությամբ տարածվող Զիկա հարուցիչն այս պահին Հայաստանի համար վտանգ չի ներկայացնում, պնդում է Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը:
Նրա խոսքով, Հայաստանում այժմ չկան մոծակներ, որոնք հիվանդության հիմնական փոխանցողներն են համարվում, այդ պատճառով նույնիսկ եթե Զիկա տենդով հիվանդ մարդ գա այստեղ, հիվանդությունը չի կարող տարածվել երկրում:
Արտավազդ Վանյանը նաեւ նշել է, որ Զիկա հարուցիչը բժշկությանը վաղուց է հայտնի եւ սովորաբար թեթեւ ախտանիշներ է առաջացնում ու հազվադեպ է լուրջ բարդացումների պատճառ դառնում: Այն վտանգ է ներկայացնում ընդամենը հղի կանանց համար, որովհետեւ կարծիք կա, թե պտղի օրգանիզմ ներթափանցելով` այն բնածին թերությունների եւ միկրոցեֆալիայի պատճառ է դառնում:
Հիշեցնենք, որ Զիկա տենդը սուր վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է մոծակների խայթոցով եւ, հնարավոր է, սեռական եղանակով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Վարակիչ հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման եվրոպական կենտրոնի տեղեկությունների համաձայն, 2015-ի ապրիլից մինչ օրս Բրազիլիայի 18 նահանգում այդ տենդի արդեն կես մլն դեպք է արձանագրվել: Այս ամիսների ընթացքում այնտեղ նորածինների մոտ միկրոցեֆալիայի եւ այլ բնածին արատների արդեն 3500 դեպք է արձանագրվել: Այդ կապակցությամբ Սալվադորում, օրինակ, կանանց խորհուրդ չեն տալիս հղիանալ առաջիկա երկու տարվա ընթացքում:






