Գրիպի ու ՍՇՎԻ տարածումից խուսափելու նպատակով հայաստանյան դպրոցներում ու մանկապարտեզներում ծրագրում են երեխաների առողջական վիճակի հսկողություն իրականացնել: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հիվանդությունների հսկողության ու կանխարգելման կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը:
Նրա խոսքով, հայաստանյան դպրոցներում ու մանկապարտեզներում արձակուրդները երեք շաբաթով երկարացնելն օգնել է կանխել գրիպի ու ՍՇՎԻ-ի տարածումը ու շատ կարեւոր որոշում էր: Երեխաները ռիսկի խմբում են, նրանք շատ հեշտ են վարակվում, ու բարդությունների զարգացման հավանականությունը նրանց մոտ ավելի բարձր է: Օդակաթիլային ինֆեկցիայով (այդ թվում գրիպով) վարակվելու հավանականությունը դպրոցներում բավականին բարձր է, իսկ վարակված երեխան, վերադառնալով տուն, կվարակեր իր հարազատներին, որոնք էլ իրենց հերթին կվարակեին իրենց գործընկերներին ու ծանոթներին, ինչը կարող էր ամբողջ երկրով մեկ գրիպի անվերահսկելի տարածման պատճառ դառնալ: Արձակուրդների երկարացման շնորհիվ նման բան չկատարվեց, նշեց Արտավազն Վանյանը:
Հիմա, սակայն, կարեւոր է ձեռնարկել բոլոր անհրաժշետ քայլերը՝ դասերի վերսկսումից հետո գրիպի ու ՍՇՎԻ-ի տարածումը կանխելու համար: Այդ նպատակով դպրոցներում ծրագրում են ներդնել այսպես կոչված համաճարակաբանական ֆիլտր՝ բուժաշխատողները առնվազն մեկ շաբաթվա ընթացքում կստուգեն դպրոց եկած երեխաներին ու անմիջապես կմեկուսացնեն նրանց, ում մոտ գրիպի ու ՍՇՎԻ-ի ախտանիշներ կնկատեն: Դա, ինչպես նշեց Արտավազդ Վանյանը, կօգնի կանխել թե՛ նրանց վիճակի վատացումը, թե՛ ինֆեկցիայի տարածումն ու մյուս երեխաների վարակվելը:
Գրիպի տարածման կանխարգելման նպատակներով Առողջապահական նախարարության մասնագետները նաեւ խորհուրդ են տվել ուսումնական հաստատություններում ժամանակավորապես հրաժարվել ֆիզկուլտուրայի պարապմունքներից (քանի որ այդ պարապմունքների ընթացքում երեխաները կարող են մրսել) ու դադարեցնել դպրոցական ճաշարանների աշխատանքը: Բացի դրանից, առաջարկում են հետեւել նաեւ դասասենյակներում օդի ջերմաստիճանին:
Ծնողներին Արտավազդ Վանյանը խորհուրդ է տալիս երեխաներին դպրոց ու մանկապարտեզ չուղարկել , եթե նրանք իրենց վատ են զգում ու եթե նրանց մոտ նկատվում են գրիպի կամ ՍՇՎԻ-ի նշաններ: Իսկ առողջ երեխաներին նա խորհուրդ է տալիս տաք հագցնել, որպեսզի նրանք դպրոց գնալու ճանապարհին կամ հենց դպրոցում չմրսեն:






