2015-ին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում բուժզննում է անցել 45 500 կին,  50 880 հետազոտություն է իրականացվել, այդ թվում` կրծքագեղձի 20 651 հետազոտություն: 601 կնոջ մոտ քաղցկեղ է հայտնաբերվել նրանցից 207-ի մոտ` վաղ փուլում: Այդ մասին հունվարի 29-ին Հայաստանում քաղցկեղի տարածվածության թեմայով քննարկման ընթացքում ասել է կենտրոնի տնօրեն Հրանուշ Հակոբյանը:  

Նա նշել է, որ Հայ-ամերիկյան կենտրոնը հետազոտում է Հայաստանում կրծքի քաղցկեղի դեպքերի ավելի քան կեսը, այնպես որ դժվար չէ այդ թվերով ընդհանուր պատկեր կազմել: 

Նրա խոսքով, այդ նույն ժամանակահատվածում Կենտրոնում 180 տղամարդ է հետազոտվել, քաղցկեղի հինգ դեպք է հայտնաբերվել: Գինեկոլոգիական հետազոտություն է անցել 9405 կին, որոնցից 21-ի մոտ արգանդի վզիկ քաղցկեղ է հայտնաբերվել, 8-ի մոտ` ձվարանների, 9-ի մոտ` արգանդի լորձաթաղանթի: 

Ինչպես պատմել է Խաչանուշ Հակոբյանը, իր գործունեության 20 տարվա ընթացքում Կենտրոնը մոտավորապես 500 000 մարդու է հետազոտել եւ քաղցկեղի մոտավորապես 10 000 դեպք է հայտնաբերվել, որոնցից 5000-ը` վաղ փուլում:

Կենտրոնի տնօրենի խոսքով, ակնառու կերպով աճել է կենտրոնին դիմող մարդկանց թիվը, ինչը դրականորեն է անդրադառնում  բուժման ցուցանիշների վրա.  քաղցկեղը հայտնաբերվում է վաղ փուլում եւ ավելի հեշտորեն է բուժվում: Իրենց պտուղներն են տալիս նախ կանխարգելիչ միջոցները. Նախաքաղցկեղային փուլում խնդրի հայտնաբերումը հնարավորություն է տալիս խուսափել դրա` քաղցկեղի վերաճելուց: Այսպես, եթե 1996-97 թթ.-ին Հայաստանում կրծքի քաղցկեղից տառապում էր ամեն 13-րդ կինը, այսօր դա ամեն 34-րդն է: