Ռիսկի խմբին պատկանող մարդկանց պատվաստման ընթացքում բարդացումներ չեն գրանցվել: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը: 

Նրա խոսքով, պատվաստումների մասին բացասական հրապարակումների եւ ասեկոսեների պատճառով ռիսկի խմբի մեջ մտնող որոշ մարդիկ խուսափում են պատվաստումից: Արդյունքում Հայաստանի պոլիկլինիկաներում դեռեւս   400 չափաբաժին պատվաստանյութ է մնացել, որը բերել են ռիսկի խմբի հիվանդների համար:  Արտավազդ Վանյանի կարծիքով այդ վախերն ու մտավախություններն արդարացված չեն, որովհետեւ առաջին տարին չէ, որ Հայաստանը հենց այդ պատվաստանյութն է օգտագործում եւ դրա պատճառով խնդիրներ եւ բարդացումներ չեն եղել,  ի տարբերություն այն պատվաստանյութերի, որ երեխաներին ներարկում են օրացուցային պատվաստումների շրջանակում: 

Արտավազդ Վանյանը հիշեցրել է, որ այս սեզոնի եռարժեք պատվաստումը ներառում է ոչ միայն   H1N1, այլեւ սեզոնային H2N3 գրիպի շտամմներ: Այդ պատվաստանյութը ներարկում են խրոնիկական հիվանդություններով մարդկանց, որոնց մոտ բարձր է գրիպով վարակման, ինչպես նաեւ դրա պատճառով բարդացումների ռիսկը:  Ռիսկի խմբի մեջ են մտնում տարեց մարդիկ, մանկատներում ապրող երեխաները, մանկատների եւ պոլիկլինիկաների աշխատողները եւ հղի կանայք: Նրանցից բացի, գրիպի դեմ պատվաստում են նաեւ երկար ժամանակ հիվանդանոցներում գտնվող հիվանդներին    (օրինակ, հոգեկան խանգարումներով մարդկանց, որոնք ստացիոնար բուժում են ստանում):

Արտավազդ Վանյանի խոսքով, գրիպի դեմ պատվաստում ստացող մարդիկ ավելի հազվադեպ են վարակվում, իսկ վարակման դեպքում նրանց սովորաբար հաջողվում է  խուսափել բարդացումներից, որոնք ի հայտ են գալիս գրիպի պատճառով: Ճիշտ է, նույնիսկ գրիպի դեմ պատվաստված մարդը կարող է ՍՇՎ-ով վարասկվել ադենոհարուցիչի կամ ռինոհարուցիչի պատճառով: