Հունվարի 1-ից 20-ը Հայաստանում գրիպի եւ ՍՇՎ-ի բարդացումներ ունեցող մարդկանց բուժումն իրականացվում էր պետպատվերի շրջանակում: Սակայն այժմ եւս գրիպի բարդացումներ ունեցող անվճարունակ հիվանդները, որոնք հատուկ սոցխմբերի մեջ չեն մտնում, կարող են պետպատվերի շրջանակում ստացիոնար բուժում ստանալ: Այդ մասին լրագրողներին ասել է առողջապահության պետական տեսչության ղեկավար Սարո Ծատուրյանը: 

Նրա խոսքով, Հայաստանում նախարարի կողմից հաստատված վիճակների ցուցակ կա, որոնք անհետաձգելի օգնություն են ենթադրում, որոնց դեպքում վերակենդանացման բաժանմունքում բուժումը պիտի  կազմակերպվի արագ եւ պետպատվերի շրջանակում   (օրինակ, եթե մարդու մոտ երկրորդ եւ ավելի բարձր աստիճանի շնչառական անբավարարություն է): Եթե գրիպի բարդացումներով հիվանդանոցում հայտնված հիվանդը համապատասխանի այդ չափանիշներին, նրա բուժումն անվճար կլինի: 

Ավելին, Հայաստանի բոլոր կլինիկաների տնօրենները լիազորված են շտապ հիվանդանոց տեղափոխվելու կարիք ունեցող հիվանդին կլինիկայի բյուջեի   5 տոկոսի չափով բուժում տրամադրել, եւ Առողջապահության նախարարությունը կփոխհատուցի նրանց ծախսերը: Սարո Ծատուրյանի խոսքով, Առողջապահության նախարարությունը, ի դեմս նախարարի, կլինիկաների ղեկավարներին կոչ է արել օգտագործել այդ լիազորությունը, եթե նրանց դիմի գրիպի լուրջ բարդություններով անվճարունակ հիվանդ:

Հունվարի 1-ից մինչ օրս գրիպի եւ դրա պատճառով առաջացող բարդացումների դեմ ստացիոնար բուժում է ստացել մոտ  3000 մարդ (ոմանք դեռեւս մնում են հիվանդանոցներում), նշել է Սարո Ծատուրյանը: Գրիպով հիվանդների թվում շատ են երեխաները, որոնց բուժումը Հայաստանում ամեն դեպքում կազմակերպվում է պետպատվերի շրջանակում:  Նման պայմաններով է կազմակերպվում նաեւ հղի կանանց եւ որոշ սոցխմբերի պատկանող մարդկանց բուժումը: Այս խմբերից ոչ մեկի մեջ չմտնող մարդկանց ստացիոնար բուժումը եւս Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրահանգով հունվարի  13-ից սկսած կազմակերպվում էր պետպատվերի շրջանակում, դրա նպատակը բնակչության բոլոր խմբերին մատչելի բուժսպասարկման ապահովումն էր, ինչպես նաեւ հիվանդանոց դիմող մարդկանց թվի ավելացումը:  

Սարո Ծատուրյանն ընդգծել է նաեւ, որ տասնյակ հազարավոր մարդիկ այս ամիս գրիպի եւ ՍՇՎ-ի ախտանիշներով դիմել են պոլիկլինիկաներ: Քանի որ նրանց մոտ բարդացումներ չեն հայտնաբերվել, նրանց բուժումը կազմակերպվել է ամբուլատոր պայմաններում եւ դա եւս անվճար է եղել: