Բժշկական պարտադիր ապահովագրությունը միանշանակորեն դրական դեր կխաղա քաղցկեղի կանխարգելման եւ վաղ ախտորոշման գործում, կարծում են Հայաստանի Ուռուցքաբանների ասոցիացիայի ղեկավար Գրիգոր Բադալյանը եւ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը:
Գրիգոր Բադալյանի խոսքով, այն փաստը, որ ծառայության համար արդեն վճարված է, մարդկանց կստիպի պարբերաբար գնալ կանխարգելիչ հետազոտությունների, իսկ հիվանդության հայտնաբերման դեպքում վիրահատության եւ բուժման վճարի հարցը եւս ավելի հեշտորեն կլուծվի:
Արթուր Ավետիսյանը նշել է, որ Հայաստանի համար շատ լուրջ խնդիր է բժշկական օգնության ուշ դիմելը: Տվյալ երեւույթի պատճառներից մեկը քաղաքացիների ծանր սոցիալ-տնտեսական վիճակն է: Սակայն նրա խոսքով, նման պահվածք է դիտարկվում նաեւ ասպահով շերտերի մոտ, այնպես որ խնդիրը նաեւ քաղաքացիների գիտակցության մեջ է, իրենց առողջությանը նրանց վերաբերմունքի: Անդրադառնալով ապահովագրության հարցին` Արթուր Ավետիսյանն ընդգծել է, որ նույնիսկ զարգացած երկրներում չեն ապավինում միայն քաղաքացիների գիտակցությանը: Հենց այդ հարցում օգնության է գալիս բժշկական ապահովագրությունը:
Արթուր Ավետիսյանը պարզաբանել է, որ նույնիսկ զարգացած հասարակական գիտակցությամբ երկրներում մարդկանց ստիպում են բժշկի գնալ կամ առողջ կենսակերպ վարել: Օրինակ, ապահովագրական վճարները ծխողների համար ավելի ցածր են, կամ եթե կինն ամեն տարի կրծքի քաղցկեղի հայտնաբերման հետազոտություն չի անցել, հիվանդանալու դեպքում ապահովագրությունը չի ծածկի նրա բուժման ծախսը: Եթե մարդը ժամանակին կանխարգելիչ հետազոտություն չի անցել եւ բժշկական ապահովագրություն չունի, նրան կարող են աշխատանքի չընդունել:






