Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ երկիրը պարտվում է Զիկա վիրուսի տարածման աղբյուր հանդիսացող Aedes aegypti մոծակների դեմ պայքարում։

«Քանի դեռ այդ մոծակները բազմանալու հնարավորություն ունեն, մենք պարտվելու ենք նրանց դեմ պատերազմում։ Երեխաներին եւ հղի կանանց պաշտպանելու համար մենք պետք է թույլ չտանք նոր Aedes aegypti մոծակների ծնունդը։ Մենք չենք հաղթի այս մարտը, եթե ձեռքներս ծալած նստենք։ Պետք է ցույց տանք, թե ինչի է ընդունակ բրազիլացի ժողովուրդը»,- ասել է Ռուսեֆը։ Երկրի ղեկավարը բնակչությանը նորից կոչ է արել իրենց ավանդը ներդնել մոծակների դեմ պայքարի գործում, մասնավորապես վերացնել բոլոր բաց ջրամդարները, որոնք նպաստում են նրանց բազմացմանը։

Gazeta-ի փոխանցմամբ՝ Զիկա վիրուսը եղել է  ԱՄՆ եւ Բրազիլիայի նախագահների հեռախոսազրույցի թեման։

«Նախագահները համաձայնության են եկել գիտելիքների խորացման, բարելավված պատվաստանյութեր ստեղծելու հետազոտական աշխատանքների արագացման եւ վիրուսի վերահսկման անհրաժեշտության հարցում»,- ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Գվատեմալայում հայտնաբերվել է Զիկա տենդով վարակվելու 105 դեպք, իսկ հնարավոր վարակման դեպքերը կարող են մի քանի հարյուր լինել, ասել են Համաճարակաբանության ազգային կենտրոնի ներկայացուցիչները։

Վենեսուելայում Զիկա վիրուսով վարակված 255 մարդու մոտ վտանգավոր բարդացում է նկատվել՝ Գիյեն Բարեի համախտանիշ, ասել է հանրապետության առողջապահության նախարար Լուիսանա Մելոն։ Վարակվածների մոտ նկատվում է ստորին վերջույթների կաթված, որն արագորեն տարածվում է վեր։ Ընդ որում, կարող են ախտահարվել նաեւ շնչառական օրգանները, ինչը հղի է մահացու ելքի վտանգով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Զիկա տենդը կապիկների ինֆեկցիոն հիվանդություն է, որը երբեմն մոծակների միջոցով փոխանցվում է մարդուն։ Հիվանդությանը բնորոշ է բարորակ ընթացքով տենդը։ Վիրուսը հատկապես վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ պտղի մոտ առաջ է բերում ուղեղի զարգացման բարդացումներով ուղեկցվող միկրոցեֆալիա։

Առողջապահության  համաշխարհային կազմակերպության եւ Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնի  տեղեկություններով՝ 2015թ. ապրիլից մինչ օրս Բրազիլիայի 18 նահանգներում արդեն գրանցվել է այդ տենդի կես միլիոն դեպք։ Կոլումբիայում վարակման դեպքերի թիվը հատել է 13 հազարի շեմը։