Ամեն տարի Հայաստանում 3000-3500 վիժում է գրանցվում, իսկ հղիությունների մոտ 11 տոկոսն ավարտվում է վաղաժամ ծննդաբերությամբ։ Վիժումների եւ վաղաժամ ծննդաբերությունների պատճառները հասկանալուն եւ դրանց կանխարգելմանն է նվիրված այսօր Երեւանում մեկնարկած «Հղիության կրելախտ. բժշկական խնդիր» թեմայով գիտաժողովը։
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Մանկաբարձության և գինեկոլոգիայի ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի նախագահ Կարինե Թոխունցը, Հայաստանում վիժումների իրական թիվը ամենայն հավանականությամբ 3500-ից շատ է, քանի որ ոչ բոլոր կանայք են վիժելու դեպքում բժշկի դիմում, եւ ոչ բոլոր դեպքերն են գրանցվում։
Նրա խոսքով՝ վիժումը կանխելը միջդիսցիպլինար մոտեցում պահանջող խնդիր է։ Վիժման ռիսկերը բացահայտելու համար անհրաժեշտ են ոչ միայն մանկաբարձ-գինեկոլոգի գիտելիքները, այլ նաեւ ճիշտ անցկացրած լաբորատոր եւ գործիքային հետազոտություններ։ Բոլոր այդ մասնագետների հետ համագործակցությունն ու նրանց մոտ ժամանակակից սարքավորումների առկայությունը արդիական գիտելիքների հետ միասին կարող է պակասեցնել Հայաստանում վիժումների քանակը։
Հենց այդ պատճառով վիժումների եւ վաղաժամ ծննդաբերությունների կանխարգելմանը նվիրված գիտաժողովին հավաքվել են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, որոնց միջեւ գիտելիքի փոխանակումը կարող է օգնել Հայաստանում ծննդօգնությունը նոր մակարդակի բարձրացնելուն։
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում էապես պակասել են մոր եւ մանկան մահացության դեպքերը, անպտղության ցուցանիշները, սակայն դեռ շատ խնդիրներ կան, որոնք ավելի խորը ուսումնասիրության կարիք ունեն։ Դրանց թվում կարեւոր տեղ են զբաղեցնում վիժումն ու վաղաժամ ծննդաբերությունը, որը, ինչպես նշվեց, 11 տոկոս է կազմում։ Մանկաբարձ-գինեկոլոգի խոսքով՝ դա այդքան էլ բարձր ցուցանիշ չէ, սակայն քիչ էլ չէ, քանի որ ժամկետից շուտ ծնված փոքրիկները կարող են խնդիրներ ունենալ եւ հաճախ հատուկ խնամք են պահանջում։
«Որքան փոքր լինի վաղաժամ ծննդաբերության ցուցանիշը, այնքան շատ առողջ մանուկներ կունենանք մենք»,- նշել է մասնագետը։
Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Վիկտոր Ռաձինսկին նույնպես հրավիրված էր գիտաժողովին, որտեղ նա մի քանի դասախոսություն է կարդացել եւ կիսել է փորձն ու գիտելիքները հայ մասնագետների հետ։
Լրագրողների հետ զրույցում նա ընդգծել է, որ աշխարհում ծննդկանների մահացության դեպքերը վերջին 10 տարում պակասել են։ Եթե նախկինում աշխարհում մոտ 600 000 կին մահանում էր հղիության, ծննդաբերության եւ հետծննդաբերական շրջանում ի հայտ եկած բարդացումներից, ապա վերջին տարիներին նրանց թիվը կրկնակի պակասել է, ինչը կարելի է գիտության եւ բժշկության մեջ մեծ նվաճում եւ պրոֆեսորի բառերով իսկ ասած՝ «մարդկության քաղաքակրթության ցուցանիշ» համարել։
Գիտաժողովին մասնակցում են մանկաբարձներ, գինեկոլոգներ, սոնոգրաֆիստներ եւ այլ մասնագետներ ոչ միայն Երեւանից, այլ Հայաստանի հեռավոր մարզերից։
Հայաստանում World Vision-ի առողջապահական ոլորտի ծրագրերի ղեկավար Կարինե Աբելյանը NEWS.am Medicine-ի թղթակից հետ զրույցում ընդգծել է գիտաժողովին մարզերի բժիշկների մասնակցության կարեւորությունը, որոնք, շատ նոր տեղեկություններ եւ գիտելիք ստանալով, կարող են վերադառնալ իրենց հիվանդանոցներ եւ ոչ միայն գործնականում կիրառել դրանք, այլ նաեւ կիսել այդ գիտելիքը գործընկերների հետ՝ բարձրացնելով մարզերում բուժօգնության մակարդակը։






