Պտղի կյանքում բոլոր կարեւոր իրադարձությունները տեղի են ունենում հղիության վաղ փուլերում, հենց այդ ժամանակ է դրվում բոլոր օրգանների եւ համակարգերի հիմքը եւ հենց այդ ժամանակ կարող են անբարենպաստ ելքի հանգեցնող խնդիրներ առաջանալ: Հենց այդ պատճառով անհրաժեշտ է հատուկ ուշադրություն հատկացնել հղիության վաղ փուլերին, կարծում է Ռուսաստանյան Ժողովուրդների բարեկամության համալսարանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Վիկտոր Ռադզինսկին:  

«Ես ընդհանրապես կարծում եմ, որ արձակուրդ պետք է տալ հղիության սկզբում, ոչ թե վերջում: Բոլոր իրադարձությունները, որոնք կարող են անբարենպաստ հետեւանքների հանգեցնել, տեղի են ունենում հենց հղիության վաղ փուլերում», - ասել է նա:

Նրա կարծիքով, առողջ հղիության ապահովման առաջին քայլերն անհրաժեշտ է անել նույնիսկ ոչ թե հղիության սկզբում, այլ դրա սկսվելուց առաջ: Ցավոք, աշխարհի երկրների մեծ մասում հղիության նախապատրաստմանը եւ առաջին շաբաթներին անհրաժեշտ ուշադրություն չի հատկացվում:   

Ինչ կարող է անել երեխա ունենալ ցանկացող կինը` բարձրացնելու բարեհաջող, առողջ հղիության իր շանսերը:  

Ինչպես նշել է Վիկտոր Ռադզինսկին, նվազագույնը, որ նա կարող է անել, իր առողջությանը հետեւելն է. չէ՞ որ որքան ավելի առողջ են ծնողները, այնքան առողջ եւ ամուր է նրանց սերունդը: Նախ եւ առաջ ցանկալի է, որ ապագա մայրիկը ճարպակալում չունենա, չէ՞ որ դա ավերիչ ազդեցություն է ունենում կնոջ առողջության վրա եւ հղիության ընթացքում կարող է խնդիրներ ստեղծել: Բացի այդ, կարեւոր է առողջ կենսակերպ վարել. քիչ նստել հեռուստացույցի առաջ, ֆիզկուլտուրայով զբաղվել   (բայց ոչ պրոֆեսիոնալ սպորտով), շատ քայլել, ճիշտ սնվել: Այդ ամենը կնոջը կօգնի նախապատրաստվել առաջիկա հղիությանը: 

Խնդիրն այն է, որ, ինչպես նշել է Վիկտոր Ռադզինսկին, առողջ մարդիկ ներկայումս շատ քիչ են` 24-25 տոկոսից ոչ ավելի: 2010 թվականի տվյալներով, դպրոցի միջին վիճակագրական շրջանավարտը 1.2 հիվանդություն ունի: Հետագայում դա կարող է անդրադառնալ նրա վերարտադրողական գործառույթի ու սերունդների առողջության վրա: Ավելին, շատ երիտասարդներ այսօր ավագներից տարբերվում են ավելի թույլ առողջությամբ, եւ դա հաճախ կապված է նրանց սխալ, անառողջ կենսակերպի հետ:  

«Անհրաժեշտ է պատասխանատվորեն մոտենալ սեփական կարեւոր, կենսաբանական գործառույթին: Որքան ավելի առողջ լինեն ծնողները, այնքան ավելի առողջ կլինի նրանց սերունդը», - նշել է պրոֆեսորը: