Հայաստանի բնակիչների մեջ, չգիտես ինչու, այնպիսի տպավորություն է ձեւավորվել, թե արտասահմանի բժիշկները ոչ թե բժիշկներ են, այլ կիսաստվածներ, ասել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու են Հայաստանի բնակիչները ֆինանսական հնարավորությունների առկայության դեպքում ձգտում արտասահմանում բուժվել, մասնավորապես` քաղցկեղից: 

Նա նշել է, որ, ասենք, Գերմանիայում կամ Իսրայելում բժիշկները գործիքային ավելի մեծ հնարավորություններ ունեն, նրանց կլինիկաներն ավելի լավ են սարքավորված, իսկ Հայաստանում բժիշկները հույսը դնում են իրենց խելքի եւ գիտելիքների վրա եւ մարդկանց կյանքեր են փրկում իրենց կարողությունների շնորհիվ:

Հայաստանի ուռուցքաբանների ասոցիացիայի ղեկավար Գրիգոր Բադալյանը հայտնել է, որ կան դեպքեր, որոնց ախտորոշումը կամ բուժման մեթոդները դեռեւս ներդրված չեն Հայաստանում, նման դեպքերում տեղի բժիշկներն իրենք են հիվանդներին խորհուրդ տալիս օգնության համար դիմել այս կամ այն արտասահմանյան կլինիկային: «Նման դեպքերը հաճախ չեն լինում, բայց պատահում է, որ հիվանդը   պոզիտրոնա-հաղորդիչային տոմոգրաֆիայի, ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունի», - ասել է նա:

Միաժամանակ, մասնագետի խոսքով, հայտնի են շատ դեպքեր, երբ ոչ միայն ֆինանսապես ապահով, այլեւ անապահով մարդիկ, իրենց ունեցվածքը վաճառելով, բուժվելու են մեկնել արտասահման եւ վերադարձել են լրիվ ձեռնունայն:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը հավելել է, որ երբ վերադառնում են հաջողությամբ բուժված մարդիկ, պարզվում է, որ նրանց բուժել են նույն սխեմաներով, նույն մեթոդներով եւ դեղերով, ինչ այստեղ, բայց այդ բուժումը տասնյակ անգամներ թանկ է նստել: «Կամ էլ պատահում են դեպքեր, երբ հիվանդները մեզ են դիմում շատ ուշ փուլերում  եւ երբ ասում ենք, որ այլեւս չենք կարող օգնել, նրանք մեկնում են արտասահման, մեծ գումարներ են ծախսում, բայց այդ նույն Գերմանիայում նրանց նույն բանն են ասում, որ այլեւս ոչնչով չեն կարող օգնել», - ասել է նա` հավելելով, որ բուժման մեթոդներն այսօր ամբողջ աշխարհում գրեթե միանման են, դրանք նկարագրված են կլինիկական ուղեցույցներում:

Արթուր Ավետիսյանը նաեւ նշել է, որ շատ հազվագյուտ հիվանդություններ կան, որոնք չեն բուժում  ոչ միայն Հայաստանում, այլեւ շատ այլ երկրներում: Դրանց բուժման մեջ ամբողջ աշխարհում մի քանի կլինիկա է մասնագիտացած, եւ եթե երկրներից որեւէ մեկում ախտորոշվում է այդ հիվանդությունը, հիվանդին ուղարկում են այդ կլինիկաներից որեւէ մեկը: