Մարդու իմունոդեֆիցիտի հարուցիչը կայունություն է ձեռք բերում տենոֆովիրի նկատմամբ` առանցքային դեղամիջոցի, որի օգնությամբ ՄԻԱՎ-վարակը վերահսկողության տակ են պահում:  Դա տեղի է ունենում այդ դեղամիջոցի սխալ, ոչ գրագետ օգտագործման հետեւանքով: Այդ մասին վկայում են Լոնդոնի Համալսարանական քոլեջի գիտնականների հետազոտությունները: 

Գիտնականները նկատել են, որ դեղամիջոցի նկատմամբ կայուն հարուցիչային շտամների թիվը մեծանում է ինչպես Աֆրիկայում, այնպես էլ Եվրոպայի երկրներում: Ռավի Գուպտան ու իր գործընկերները 2012-ից ի վեր Եվրոպայից եւ Աֆրիկայից ավելի քան   2000 հիվանդի են հետազոտել: Պարզվել է, որ Աֆրիկայի ՄԻԱՎ-ով վարակված բնակիչների ավելի քան 60 տոկոսն անընկալունակ է տենոֆիրի հանդեպ: Եվրոպացի հիվանդների շրջանում այդ ցուցանիշը  20 տոկոս է կազմել:

Դա շատ տագնապալի նշան է, չէ՞ որ տենոֆիրը հակառետրոհարուցիչային դեղամիջոց է, որը լայնորեն օգտագործվում է ՄԻԱՎ վարակի եւ հեպատիտ  В-ի բուժման ընթացքում, եւ դրա նկատմամբ անզգայությունը կարող է բազմաթիվ խնդիրներ ստեղծել:

Հեղինակները կարծում են, որ այդ երեւույթը կապված է դեղամիջոցի սխալ նշանակման եւ ընդունման հետ (օրինակ` նշանակված դեղամիջոցի մի մասը չխմելը կարող է հետագայում հանգեցնել դրա նկատմամբ անընկալունակության): Նրանց կարծիքով խնդրի լուծումներից մեկը կարող է լինել ՄԻԱՎ-ով հիվանդների շրջանում լուսավորչական աշխատանքը: Մոտ ժամանակներս գիտնականները նախատեսում են նաեւ մի շարք հետազոտություններ անցկացնել, որպեսզի ավելի լավ հասկանան դեղերի նկատմամբ կայունության մեխանիզմը:  

Այդ հետազոտության մասին տեղեկացնում է The Lancet Infectious Diseases-ը: