Հանրային առողջության ոլորտում նոր առաջացող հիմնախնդիր է «Զիկա» տենդը, որը վերջին շրջանում լայն տարածում է ստացել հատկապես Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրներում։ Այս տենդի հարուցիչը ֆլավիվիրուս է, փոխանցողը՝ «Aedes aegypti» ցեղի մոծակները (Հայաստանում չի հայտնաբերվել): Հետազոտողները գտնում են, որ վարակվածների միայն 20%-ի մոտ է հիվանդությունն ընթանում ախտանշաններով: Այս մասին հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Նշենք, որ «Զիկա»-ն հիմնականում մոծակի միջոցով է փոխանցվում, ու մոծակի տարածման համար այդ երկրում պետք է լինի տվյալ տեսակի մոծակը: Այս տեսակի մոծակ Հայաստանում չկա: «Զիկա» տենդը չի փոխանցվում մարդուց մարդուն, այլ տարածվում է մոծակի միջոցով:
Այժմ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կողմից աշխատանքներ են տարվում տենդի հետ կապված ուղեցույցների պատրաստման ուղղությամբ:
Զիկա տենդի ախտանշաններն են՝ տենդ, ցան, հոդացավեր, շաղկապենու բորբոքում, մկանացավեր, գլխացավ: Գաղտնի շրջանը ստույգ հայտնի չէ, ենթադրվում է, որ այն տեւում է մի քանի օրից մինչեւ մեկ շաբաթ: «Զիկա» վարակով հարուցված միջին ծանրության հիվանդությունը տեւում է մի քանի օրից մեկ շաբաթ: Վարակն արյան մեջ պահպանվում է մի քանի օր, սակայն որոշ հիվանդների արյան մեջ այն հայտնաբերվում է ավելի երկար: Մահվան դեպքեր հազվադեպ են գրանցվում
Ախտորոշում
Զիկա տենդի ախտանշանները նման են «Դենգե» եւ «Չիկունգունյա» տենդերին եւ նրանք փոխանցվում են նույն ցեղի մոծակներով: Եթե հիվանդը նշում է վերջին մեկ շաբաթվա ընթացքում ուղեւորություն Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրներ՝ հնարավոր է նրա «Զիկա» տենդով վարակվելը:
Բուժումը եւ կանխարգելումը
Կանխարգելում պատվաստանյութով կամ մասնահատուկ դեղորայքային բուժում դեռ չի հայտնաբերվել: Բուժումն ախտանշանային է: Ցուցված է.
- Հանգիստ կենսակերպ,
- Մեծ քանակությամբ հեղուկներ՝ ջրազրկման կանխարգելման համար,
- Ացետամինոֆենի կամ պարացետամոլի օգտագործում՝ տենդի եւ ցավերի բուժման համար
- Արգելվում է ասպիրինի կամ այլ ոչ-ստերոիդ հակաբորբոքային դեղորայքի օգտագործումը՝ իբուպրոֆեն, նապրոքսեն:
Շատ կարեւոր է հիվանդության առաջին օրերին զերծ մնալ մոծակների խայթելուց՝ վարակի փոխանցումը դադարեցնելու համար:
Հղի կանայք կարող են վարակվել այս վիրուսով հղիության բոլոր եռամսյակներում: Չկան տեղեկություններ հղիների ավելի զգայուն լինելու վերաբերյալ, կամ հիվանդության ավելի ծանր ընթացքի մասին: Մորից-պտղին փոխանցման դեպքերը գրանցվում են հղիության ամբողջ ընթացքում: Չնայած այն հանգամանքին, որ մահացած պտղի հյուսվածքներում հայտնաբերվում է Զիկա վիրուսը, ապացուցված չէ, որ դա է մահվան պատճառը: Զիկա վիրուսի առկայությունն արձանագրվել է միկրոցեֆալիայով երեխաների մոտ: Բրազիլիայում ընթացիկ բռնկման ընթացքում գրանցվել է միկրոցեֆալիայով ծնված երեխաների թվի աճ: Հետազոտությունները ցույց են տվել, որ անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ ռիսկի այլ գործոններ՝ վարակիչ հիվանդություններ, սնուցում, արտաքին միջավայրի գործոններ:
Կանխարգելումը
«Զիկա» տենդի փոխանցողը՝ մոծակը, խայթում է եւ՛ շինությունների ներսում, եւ՛ դրսում, հիմնականում երեկոյան եւ գիշերային ժամերին: Այնուամենայնիվ, պաշտպանիչ միջոցների կիրառումն անհրաժեշտ է ամբողջ օրվա ընթացքում: Խորհուրդ է տրվում կրել պերմետրինով մշակված երկարաթեւ հագուստ, երկրում գրանցված միջատավանիչ նյութերից որեւէ մեկը:
- Միջատավանիչ նյութերն անվտանգ կիրառելի են բոլորի համար, ներառյալ հղի եւ կերակրող կանանց:
- Միջատավանիչ նյութերը կարող են կիրառվել նաեւ երեխաների պաշտպանության համար՝ համաձայն ուղեկցող հրահանգների:
- Եթե օգտագործվում են արեւից պաշտպանության եւ միջատավանիչ նյութեր, սկզբից մաշկի վրա տարածում են արեւապաշտպան նյութը, հետո միայն՝ միջատավանիչ նյութը
- Միջատավանիչ նյութերը չեն տարածվում ծածկված մաշկի վրա՝ զգեստի տակ
- Կիրառելի է այն հագուստը, որը մշակվել է պերմետրինով
- Անհրաժեշտ է խստագույնս հետեւել նյութերն ուղեկցող հրահանգին
- Սենքերում օդի լավորակման եւ վարագույրների, ցանցերի կիրառումը կպաշտպանի մոծակներից
- Չի կարելի պահպանել ջուրը բաց կուտակիչների մեջ:
Եթե հղի կանայք նշում են 2 շաբաթվա ընթացքում ուղեւորություն Կենտրոնական կամ Հարավային Ամերիկա, նշում են նաեւ Զիկա տենդի 2 եւ ավելի ախտանշան, անհրաժեշտ է նրանց հետազոտել գործիքային մեթոդով՝ մշտադիտարկելու պտղի աճը, միկրոցեֆալիայի եւ կալցիֆիկատների առկայությունը ուղեղի հյուսվածքում:
Հղիների պատվաստման կամ մասնահատուկ բուժման բացակայության պատճառով բոլոր նրանք, ովքեր հիվանդության պատմության մեջ նշում են ուղեւորություն Կենտրոնական կամ Հարավային Ամերիկա, հղիության ընթացքում ենթակա են նաեւ վարակաբանի հսկողության:






