Առողջապահության տարբեր ոլորտների ներկայացուցիչները, ընկերներն ու մերձավորները նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ ծաղկեպսակ դրեցին ականավոր բժիշկ-գիտնական,  պետական եւ հասարակական գործիչ, ՀՀ առողջապահության նախկին նախարար (1975-1989թթ.), Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների գործակալության հիմնադիր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի մոտ: Առողջապահության հմուտ կազմակերպիչն այսօր կդառնար 85 տարեկան:

«Հիշարժան օր է, լրանում է մեր ուսուցչի 85-ամյակը: Էմիլ Գաբրիելյանի հիշատակը վառ է մեր սրտերում, անվանի գիտնական, բժշկապետի գաղափարներն այսօր եւս իրենց արտացոլումն են գտնում մեր առողջապահական համակարգում»,- ուղղելով իր խոսքը ներկաներին նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նա տեղեկացրեց, որ առաջիկայում  ընտանիքի աջակցությամբ կսահմանվի «Էմիլ Գաբրիելյան» մրցանակը, որը շնորհվելու է լավագույն մարզային կենտրոնին,   լավագույն ուսանողին, գիտնականին եւ բազմապրոֆիլ բուժհիմնարկին բարձր կազմակերպվածության,  գործին նվիրվածության եւ արհեստավարժության  համար: