2015թ. հունվարից մեկնարկած սքրինինգային հետազոտությունները շարունակվելու են նաեւ այս տարի: Ծրագրի շրջանակում Հայաստանի բնակչության ռիսկային խմբերում իրականացվել են զանգվածային սքրինինգներ՝ ուղղված մի շարք հիվանդությունների վաղ հայտնաբերմանը եւ վերահսկմանը, ինչպես նաեւ մահացության նվազեցմանը:
Նախորդ տարվա ընթացքում իրականացվել է 58,602 ՊԱՊ թեստ: Նույն ժամանակահատվածում 197,110 քաղաքացու մոտ (տղամարդիկ՝ 32.8%, կանայք՝ 67.2%) իրականացվել է արյան մեջ քաղցի գլյուկոզի հետազոտություն, եւ շուրջ 270,490 քաղաքացի (տղամարդիկ՝ 34.2%, կանայք՝ 65.8%) անցել է զարկերակային գերճնշման հայտնաբերման սքրինինգ:
Տվյալ ժամանակահատվածում իրականացված սքրինինգային հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հետեւյալ շեղումները, որոնց միջին հանրապետական ցուցանիշները ներկայացվում են ստորեւ*՝
• Արյան զարկերակային ճնշում 140/90 մմ սնդ. սյուն կամ ավել` 8.9 %,
• Արյան գլյուկոզի մակարդակ 6,1 մմոլ/լ եւ ավել` 7.4 %,
• 6.1 % հետազոտված կանանց մոտ արձանագրվել են տարբեր աստիճանի բջջաբանական շեղումներ, որից
- ԱՆԱՏԲ (անորոշ նշանակության ատիպիկ տափակ բջիջներ) – 52.8 %,
- ՑԱՏԲՆԱ (ցածր աստիճանի տափակ բջջային ներէպիթելային ախտահարում) – 41.0 %,
- ԲԱՏԲՆԱ (բարձր աստիճանի տափակ բջջային ներէպիթելային ախտահարում) – 5.5 %,
- Ինվազիվ կարցինոմա – 0.7 %:
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի կողմի ֆինանսավորվող սքրինինգային ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության բնակչության ռիսկային խմբերում (հիպերտոնիայի եւ շաքարային դիաբետի սքրինինգների մեջ ընդգրկված է կանանց եւ տղամարդկանց 35-68, իսկ արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով՝ կանանց 30-60 տարիքային խմբերը) իրականացնել զանգվածային սքրինինգներ՝ ուղղված այդ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը եւ վերահսկմանը, ինչպես նաեւ մահացության նվազեցմանը: Ծրագրի ավարտին վերոնշյալ սքրինինգների իրականացման կատարողականը պետք է լինի 50-60%՝ գլյուկոմետրիայի եւ տոնոմետրիայի դեպքում մոտ 680,000 ՀՀ բնակչություն եւ Պապ թեստի պարագայում մոտ 320,000 կին բնակչության ընդգրկում հետազոտությունների մեջ:






