Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը հայտնել է, թե որն է ժամանակակից մարդկանց կյանքում մահացության առավել էական գործոնը: Կազմակերպության փորձագետների կարծիքով նման գործոն է հանդիսանում հարբեցողությունը: 

ԱՀԿ-ի զեկույցում հրապարակված տվյալների համաձայն, ալկոհոլի հետ կապված պատճառներից ամեն տարի 2,5 մլն մարդ է մահանում: Հարբեցողությանը ենթակայության ամենամեծ ռիսկը դիտարկվում է երիտասարդության եւ 15-59 տարեկան տղամարդկանց շրջանում:

«Ամբողջ աշխարհում խմողների մոտ 11 տոկոսն ամեն շաբաթ հարբում է, ընդ որում, նրանց թվում տղամարդիկ չորս անգամ ավելի շատ են», - նշված է զեկույցում:

Փորձագետները տագնապով արձանագրում են հարբեցողության գլոբալ աճի միտումների առկայությունը: Զեկույցը կազմողներն արձանագրել են, որ այն երկրները, որոնցում բնակչությունն առավել հաճախակի եւ  անսթափ խմում է, Ուկրաինան է, Ռուսաստանը, Ղազախստանը, Բրազիլիան, Մեքսիկան եւ Հարավային Աֆրիկան:  

ԱՀԿ-ի ներկայացուցիչները համաշխարհային հարբեցողության աճը կապում են  դեռեւս վերջերս տնտեսական ցածր նիշա զբաղեցնող երկրների, մասնավորապես Աֆրիկայի եւ Ասիայի բնակչության եկամտի ավելացման հետ: Ինչ վերաբերում է զարգացած երկրներին, շատերի համար բնութագրական է   «ավանդական» հարբեցողության միտումը: Միաժամանակ, ինչպես պնդում են հետազոտողները, ոչ մի երկիր չկարողացավ ալկոհոլի չարաշահման դեմ արդյունավետ քաղաքականություն մշակել, եւ այժմ այնպիսի միջոցները, ինչպիսին ակոհոլի համար նվազագույն գին կամ բարձր հարկեր սահմանելն է, ընդամենը նպաստում են ցածրորակ կամ անօրինականորեն արտադրված սպիրտային խմիչքների օգտագործման ավելացմանը, ինչը բացասաբար է ազդում հանրային առողջության վրա:  

«Ալկոհոլը մոտավորապես 60 տարբեր հիվանդությունների եւ վնասվածքների որոշարկող գործոնն է: Ընդ որում հարբեցողությունը երկրագնդի բնակչության  4 տոկոսի մահվան պատճառն է. այն ավելի շատ մարդ է սպանում, քան ՁԻԱՀ-ը, տուբերկուլյոզն ու բռնությունը», - ամփոփել են ԱՀԿ-ում: