Երեւանում մեկնարկել է «Նորարարական լուծումները ստոմատոլոգիայում» ֆորումը, որը կազմակերպել է «Ստոմատոլոգիական տուրիզմ դեպի Հայաստան» նախագծի թիմը։ Գլխավոր զեկուցողներից է միջազգային որակավորման հեղինակավոր դասախոս, մոսկովյան «Ավրորա» կլինիկայի գլխավոր տնօրեն Արամ Դավիդյանը։

«Այս նախագծի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ երիտասարդ մասնագետները, շփվելով ավագ կոլեգաների հետ, կկարողանան զարգացնել իրենց ունակությունները։ Սա կօգնի զարգացնել ստոմատոլոգիան Հայաստանում»,- NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց ֆորումի կազմակերպիչ թիմի անդամ Դավիթ Հովհաննիսյանը։

Ըստ Հովհաննիսյանի՝ այժմ ատամնաբուժությունը Հայաստանում բավական բարձր մակարդակի է, բայց այն կարելի է էլ ավելի զարգացնել՝ ավելացնելով մի շարք նոր, միջազգային չափանիշներին համապատասխանող ծառայություններ։ Դա հնարավորություն կտա մեծացնել օտարերկրյա այցելուների ներհոսքը դեպի Հայաստան, ինչն էլ «Ստոմատոլոգիական տուրիզմ դեպի Հայաստան» նախագծի հիմնական նպատակներից մեկն է։

Ինչպես նշեց Հովհաննիսյանը, ֆորումի հիմնական թեման է՝ «Նորարարական մոտեցումները վերակառուցողական և էսթետիկ պրոթեզավորման ժամանակ», եւ այն նախատեսված է ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու ատամնաբույժների համար։ Հրավիրված է նաեւ 15-հոգանոց պատվիրակություն հարեւան Վրաստանից։

Ֆորումի նախորդ հավաքը տեղի էր ունեցել հունվարի 15-ին։ Ըստ Դավիթ Հովհաննիսյանի՝ հավաքից հետո շատ դրական արձագանքներ են եղել, եւ որոշ մասնակիցներ արդեն սկսել են գործնականում օգտագործել այն գիտելիքները, որոնք ձեռք էին բերել միջոցառման ժամանակ։