Հոնդուրասում եւ Մեքսիկայի որոշ նահանգներում Զիկա վիրուսի պատճառով համաճարակային տագնապ է հայտարարվել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր հերթին միջազգային արտակարգ իրավիճակ է հայտարարել վիրուսի պատճառով, որի տարածումը պայմանավորված է Բրազիլիայում բնածին արատների հազարավոր դեպքերով։

Մեքսիկայում համաճարակային տագնապ է հայտարարվել Կինտինա Ռոոյի նահանգում եւ Ակապուլկո քաղաքում այն  բանից հետո, երբ հարեւան Յուկատանում Զիկա վիրուսի 2 դեպք էր գրանցվել։

Հոնդուրասում Զիկա վիրուսի վարակի առաջին դեպքը գրանցվել էր անցյալ տարվա դեկտեմբերին, եւ այդ ժամանակից ի վեր վարակվածների թիվը գերազանցել է 3700-ը։ Երկրում պատրաստվում են խստացնել Aedes Aegypti մոծակների դեմ պայքարը, որոնք վտանգավոր վիրուսի հիմնական փոխանցողներն են։ Այդ պայքարում մեծ դեր են խաղալու երկրի բնակիչները. Իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում ժամանակին թափել աղբը եւ կենցաղային թափոնները, ինչպես նաեւ բաց ամբարներում ջուր չպահել, ինչը իդեալական պայման է ստեղծում մոծակների բազմացման համար։

Զիկա վիրուսի տարածումը կանխելու միջոցներ է պլանավորում նաեւ Ճապոնիան։ Ինչպես լրագրողներին հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիխիձե Սուգան, կառավարությունը այսօր միջգերատեսչական խորհրդատվություն անցկացնել այն բանից հետո, երբ ԱՀԿ-ն Զիկա տենդի տարածման կապակցությամբ կրիտիկական իրավիճակ էր հայտարարել։

Ճապոնական լրատվամիջոցների փոխանցմամբ Ճապոնիայում դեռեւս Զիկա տենդի վարակման դեպքեր չեն գրանցվել, սակայն մի քանի տարի առաջ 2 ճապոնացի վարակվել էին արտասահման այցելության ժամանակ։

Հիշեցնենք, որ Զիկա տենդը վտանգավոր ինֆեկցիոն հիվանդություն է, որը մոծակների միջոցով փոխանցվում է մարդուն։ Հիվանդությանը բնորոշ է բարորակ ընթացքով տենդը։ Վիրուսը հատկապես վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ պտղի մոտ առաջ է բերում ուղեղի զարգացման բարդացումներով ուղեկցվող միկրոցեֆալիա։

Առողջապահության  համաշխարհային կազմակերպության եւ Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնի  տեղեկություններով՝ 2015թ. ապրիլից մինչ օրս Բրազիլիայի 18 նահանգներում արդեն գրանցվել է այդ տենդի կես միլիոն դեպք։ Կոլումբիայում վարակման դեպքերի թիվը հատել է 13 հազարի շեմը։