2015-ին Հայաստանի 72 941 քաղաքացի հաշմանդամության ստացման փորձաքննություն է անցել: Նրանցից 17 595-ը դա առաջին անգամ էր անում, իսկ 55 585-ը կրկնակի փորձաքննություն էր անցնում: Արդյունքում 69 650 մարդ հաշմանդամություն է ստացել, որոնցից  15 664-ը` առաջին անգամ: Այդ մասին լրագրողներին պատմել է բժշկա-սոցիալական փորձաքննության գործակալության ղեկավար Արմեն Սողոյանը:    

Նրա խոսքով, առաջին անգամ հաշմանդամության հայտ ներկայացրած մարդկանց թիվը 2015-ին անհամեմատ ավելի մեծ էր, քան 2014-ին. 17 595-ը` 17 547-ի դեմ: Սակայն փորձաքննության արդյունքում առաջին անգամ հաշմանդամություն ստացած մարդկանց թիվը նվազել է. 15 664-ը` 15 681-ի դեմ: Համապատասխանաբար աճել է այն մարդկանց թիվը, որոնց մերժել են հաշմանդամի կարգավիճակը` 1926-ը` 1864-ի դեմ:

Ինչպես նշել է մասնագետը, որոշ մարդիկ ցանկանում են հաշմանդամություն ստանալ ոչ թե նրա համար, որ իրենց հասնում է դա առողջական վիճակի բերումով, այլ որպեսզի որդուն ազատեն բանակից կամ սոցիալական վճարումներին մուտք ստանան: Հանձնաժողովը, սակայն հաշմանդամություն տալու հարցը որոշում է ելնելով մարդու առողջական վիճակից,  ոչ թե սոցիալական դրությունից կամ հաշմանդամության կարգավիճակով շահագրգռությունից: 

Ինչ վերաբերում է հաշմանդամության պատճառներին, քաղաքացիների  38.1 տոկոսը, որոնք անցյալ տարի առաջին անգամ են հաշմանդամություն ստացել, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեն, 19.5 տոկոսը` նորագոյացություններ, 6.1 տոկոսը` հոգեկան խանգարումներ, 5.7 տոկոսը` էնդոկրին համակարգի խանգարումներ, 4.1 տոկոսը` նյարդային համակարգի հիվանդություններ, 2.5 տոկոսը` վարակիչ հիվանդություններ:

Արմեն Սողոյանը նաեւ նշել է, որ 2015-ին 1009 երեխա է հաշմանդամություն ստացել, իսկ  2014-ին` ընդամենը 932: