2016-ի հունվարի տվյալներով Հայաստանում հաշմանդամությամբ 200 177 մարդ է գրանցված, դրանցից 96 616-ը կանայք են: Այդ մասին լրագրողներին պատմել է բժշկա-սոցիալական փորձաքննության գործակալության ղեկավար Արմեն Սողոյանը:

137 813 քաղաքացի անժամկետ հաշմանդամություն ունի, այսինքն նրանց այլեւս պետք չէ փորձաքննություն անցնել հաշմանդամության հաստատման համար, նշել է մասնագետը: 

Հաշմանդամության առաջին խմբում 10 268 քաղաքացի է գրանցված (հաշմանդամությամբ մարդկանց 5.1 տոկոսը), նրանցից 4307-ը կանայք են: Երկրորդ խմբի մեջ մտնում է 80 328 մարդ (40.1տոկոս), նրանցից 36 363-ը կանայք են: Երրորդ խումբն ամենամեծն է. այս խմբում 101 780 մարդ կա (50.9 տոկոս), նրանցից 53 520-ը կանայք են:

Ինչ վերաբերում է տարիքային խմբերին, հաշմանդամությամբ մարդկանց 50.4 տոկոսը  (100 922 մարդ) 40-ից նախաթոշակային տարիքի է, 32.7 տոկոսը (65 403 մարդ) թոշակային տարիքի է եւ ավելի մեծ, իսկ 13 տոկոսը (26 122 մարդ) 18-ից 40 տարեկան է:

Երեխաների շրջանում հաշմանդամություն ունի 7801 մարդ (նրանցից 2425-ը աղջիկներ են), ինչը կազմում է հաշմանդամությամբ բոլոր մարդկանց 3.9 տոկոսը եւ երկրի բնակչության 1.1 տոկոսը:

Ինչ վերաբերում է հաշմանդամության պատճառներին, առաջին տեղում սիրտ-անոթային հիվանդություններն են.  հաշմանդամությամբ մարդկանց 31.4 տոկոսը հենց այդ հիվանդություններով է տառապում: Հետո գալիս են հոգեկան խանգարումները  (10.8 տոկոս), նորագոյացությունները (8.1 տոկոս), նյարդային համակարգի հիվանդությունները (7.9 տոկոս) եւ էնդոկրին խանգարումները (7.4 տոկոս):

Արմեն Սողոյանը նաեւ նշել է, որ պաշտոնական տվյալների համաձայն, հաշմանդամություն ունի Հայաստանի բնակչության մոտավորապես 6.6 տոկոսը: Համեմատության համար, Ռուսաստանում պաշտոնական հաշմանդամություն ունի հասուն բնակչության 10.25 տոկոսը եւ երեխաների` 1.97 տոկոսը:

Հիշեցնենք, որ 15 664 մարդ առաջին անգամ հաշմանդամություն է ստացել 2015 թվին. դա 17-ով պակաս է, քան 2014 թվականին: