Այս տարի Հայաստանում նախատեսում են քսան նոր համալիր սոցիալական կենտրոն բացել, որոնք կգործեն «մեկ պատուհանի» սկզբունքով եւ քաղաքացիներին կազատեն տարբեր ծառայությունների ստացման համար տարբեր տեսչությունների դիմելու անհրաժեշտությունից:  Այդ մասին լրագրողներին հայտնել է Բժշկա-սոցիալական փորձաքննության գործակալության ղեկավար Արմեն Սողոյանը:  

«Համալիր սոցիալական կենտրոնը շենք է, որտեղ կենտրոնացած են այդ շրջանի բոլոր սոցիալական ծառայությունները: Այսինքն քաղաքացին գործ կունենա մեկ ընդունարանի հետ. նրան պետք չի լինի մի տեղ գնալ բժշկա-սոցիալական փորձաքննություն ստանալու, մեկ ուրիշ տեղ` թոշակի հարցերի համար: Նա ընդունարանում գրում է իր հայտարարությունը, եւ դա սկանավորված տարբերակում հայտնվում է պատասխանատու անձի դեսքթոփին», - բացատրել է մասնագետը:

Նման մոտեցման դեպքում պաշտոնատար անձանց հետ քաղաքացիների շփումը նվազագույնի է հասնում, ինչը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը, նշել է Արմեն Սողոյանը: 

Ներկայումս Հայաստանում արդեն գործում է 19 նման կենտրոն, սակայն դժբախտաբար, դրանք բոլորն անհասանելի են հաշմանդամությամբ մարդկանց համար, մասնավորապես` այն մարդկանց, որոնք տեղաշարժվում են հաշմանդամի թիկնաթոռի միջոցով: Նոր կենտրոնները սակայն կհամապատասխանեն բոլոր պահանջներին, եւ հաշմանդամության բոլոր տեսակներով մարդիկ հեշտությամբ կտեղաշարժվեն դրանցով: 

Արմեն Սողոյանը հիշեցրել է, որ 2016-ը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հայտարարվել է հավասար հնարավորությունների տարի, ինչի հետ կապված մի շարք պետական գերատեսչություններ նախատեսել են միջոցառումներ իրականացնել, որոնց թվին է պատկանում  վերոհիշյալ սոցիալական կենտրոնների բացումը: