Կառավարության որոշման նախագիծը զինվորական ծառայության ժամանակ հիվանդություն ձեռք բերած նախկին զինծառայողների բուժումն ու վերականգնումը կապահովի պետպատվերի շրջանակում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Բժշկական-սոցիալական փորձաքննության գործակալության ղեկավար Արմեն Սողոյանը:
Նրա խոսքով, այժմյան կարգի համաձայն, եթե զինծառայողը զինվորական ծառայության ժամանակ հիվանդացել է հիվանդություններով, որոնք կարող էին հանգեցնել հաշմանդամության, սակայն հաշմանդամություն չի ստացել, քաղաքացիական կլինիկաներում բուժումն ու վերականգնումը կատարվում է նրա հաշվին, այլ ոչ թե պետպատվերի շրջանակում: Դա բազմաթիվ մարդկանց ստիպում է ձգտել հաշմանդամության կարգ ձեռք բերել՝ բուժումը հասանելի դարձնելու համար:
Կառավարության նոր որոշման նախագիծը կօգնի լուծել այդ խնդիրը՝ նախկին զինծառայողներին հնարավորություն ընձեռելով պետպատվերի շրջանակում բուժօգնություն ստանալ եւ անհատականացված վերականգնում, անգամ հաշմանդամություն չունենալու դեպքում:
Արմեն Սողոյանը հույս հայտնեց, որ այս տարվա փետրվար-մարտին նախագիծը կընդունվի:






