Բրազիլացի բժիշկները վերջնականապես հաստատել են վերջին ամիսներին ծնված երեխաների մոտ միկրոցեֆալիայի 404 դեպք: Այս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից: Եվս 3670 նորածինների ծնողներ, որոնց երեխաների մոտ նույնպես կասկածում են տվյալ հիվանդությունը, սպասում են մասնագետների վերջնական ախտորոշմանը:

Ներկայացված վիճակագրության համաձայն՝ Բրազիլիայում հոկտեմբերի 22-ից հունվարի 30-ը գրանցվել է նորածինների մոտ միկրոցեֆալիայի 4783 հնարավոր դեպք: Դրանցից 404-ը վերջնականապես հաստատվել են: 709 նորածինների վերաբերյալ բժիշկները հերքել են այդ ախտորոշումը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

2014 թ. միկրոցեֆալիայով հիվանդ նորածինների թիվը Բրազիլիայում չէր գերազանցում 150-ը: Նոյեմբերի վերջին Բրազիլիայի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հղիությաան ընթացքում Զիկա վիրուսով վարակվելը երեխայի մոտ միկրոցեֆալիայի զարգացման պատճառ է դառնում: Միկրոցեֆալիան բնածին արատ է, երբ գանգի չափերը զգալիորեն փոքրանում են ու կարող են մտավոր հետամնացության, նեւրոտիկ շեղումների, լսողության ու տեսողության խանգարումների պատճառ դառնալ:

Միեւնույն ժամանակ հունվարի 28-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մաարգարեթ Չենը հայտնել էր, որ «Զիկա վիրուսի ու զարգացման արատների եւ նեւրոլոգիական ախտանիշների միջեւ պատճառահետեւանքային կապն առայժմ ապացուցված չէ»: