Շատ մարդիկ, իմանալով, որ քաղցկեղով են հիվանդ, կարծում են, որ դա վերջն է, որ իրենք դատապարտված են: Սակայն քաղցկեղն ընդամենը ախտորոշում է` հիվանդություն, որը, ճիշտ մոտեցման դեպքում, լիովին հնարավոր է բուժել, կարծում է ուռուցքային վիրաբույժ Արմեն Քոչարյանը:
Նրա կարծիքով, սխալ է քաղցկեղն անլուծելի խնդիր եւ անբուժելի հիվանդություն համարելը. եթե քաղցկեղը ժամանակին ախտորոշվի եւ եթե հիվանդի հետ մասնագետների խումբ աշխատի, հիվանդը երկար վերականգնման լավ շանսեր կունենա:
Այլ հարց է, որ քաղցկեղը ոչ միշտ են ժամանակին ախտորոշում, հատկապես Հայաստանում, որտեղ դեռեւս չկա բժշկին կանխարգելման նպատակով կանոնավոր այցելելու մշակույթ: Ճիշտ է, այստեղ ` այս ուղղությամբ արդեն որոշակի տեղաշարժ է նկատվում, նշել է Արմեն Քոչարյանը. դեռեւս մի քանի տասնամյակ առաջ, քաղցկեղն ուշ փուլում ախտորոշվում էր երկու անգամ ավելի հաճախակի, քան հիմա: Ներկայումս, սքրինինգի ժամանակակից մեթոդների եւ բնակչության տեղեկացվածության շնորհիվ, հնարավոր է լինում քաղցկեղի շատ տեսակներ հայտնաբերել շատ վաղ, որեւէ ախտանիշի կամ խնդրի ի հայտ գալուց առաջ:
Հենց քաղցկեղի վաղ ախտորոշման նպատակով երիտասարդ կանանց խորհուրդ է տրվում տարեկան մեկ անգամ կաթնագեղձի գերձայնային հետազոտություն իրականացնել, իսկ 40-45 տարեկանից հետո ամեն տարի մամոգրաֆիա անցնել, որը կարող է հնարավորություն տալ նկատելու նույնիսկ շատ փոքր նորագոյացությունները: Պարզ պապ-թեստն իր հերթին կարող է օգնել գնահատելու արգանդի վզիկի քաղցկեղի եւ քաղցկեղի մի շարք այլ տեսակների առաջացման ռիսկը, այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս նաեւ դա անցնել: Մարդկանց, անկախ ռիսկի գործոնների առկայությունից կամ բացակայությունից, խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ կանխարգելիչ հետազոտության գնալ` թեկուզ եւ իրենց բնակավայրի թերապեւտի մոտ:
Հոգեբան Իրինա Ծատուրյանը եւս կարծում է, որ քաղցկեղը հիվանդություն է, ոչ թե դատավճիռ: Այդ պատճառով, հոգեբանի խոսքով, ոչ ոք խուճապի մեջ չի ընկնում` լսելով, որ ինքը երիկամային անբավարարություն ունի կամ սրտի հիվանդություն, բայց հենց «քաղցկեղ» բառը բոլորին սարսափեցնում է: Սակայն հիվանդն ու նրա հարազատները հաշվի չեն առնում, որ քաղցկեղով որոշ մարդիկ ողջ են մնում, բուժվում են եւ շարունակում են առաջվա նման ապրել:






