Հայ քիմիկոսներին, որոնք զբաղվում են նոր դեղերի եւ ակտիվ նյութերի մաշկմամբ, սարքավորումներն են պակասում: Օրինակ` միջուկային ռեզոնանսի սարքը, որը շատ քիմիկոսների անհրաժեշտ է հետազոտության համար, արդեն վաղուց հնացել է, իսկ նորի գնումը լուրջ խնդիր է թվում:  Այդ մասին լրագրողներին պատմել է Հայաստանի ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի Գիտա-տեխնոլոգիական կենտրոնի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիգեն Թոփուզյանը:  

Միջուկային մագնիսական ռեզոնանսի սարքը, որը հայ մասնագետներն այսօր օգտագործում են, գնվել է մոտ 15 տարի առաջ: Այդ ժամանակվանից այն օգտագործում են ոչ միայն դեղերի մշակմամբ զբաղվող մասնագետները, այլեւ բոլոր ուսանող-քիմիկոսները եւ երկրի քիմիական լաբորատորիաները: Խնդիրն այն է, որ  15 տարվա ընթացքում այդ սարքն արդեն երկու անգամ պիտի նորով փոխարինեին, սակայն դրա բարձր արժեքի պատճառով (մոտ 400 000 եվրո) դա հնարավոր չի եղել:  

Ինչպես նշել է Վիգեն Թոփուզյանը, Հայաստանում առայժմ չկա պետական կազմակերպության համար թանկարժեք սարքերի ձեռք բերման մեխանիզմ. ներկայումս միայն մասնավոր կազմակերպությունները եւ լաբորատորիաները կարող են գնել իրենց անհրաժեշտ ցանկացած սարքավորում, եթե բավականաչափ փող ունեն: 

Հնացած սարքավորումները ոչ միայն հայ քիմիկոսներին խանգարում են հետազոտություններով եւ նոր մշակումներով զբաղվել, այլեւ կարող են դրամաշնորհ ստանալու խոչընդոտ դառնալ. նրանց կարող են մերժել դրամաշնորհը զուտ այն պատճառով, որ  իրենց հետազոտությունն անցկացնելու են վաղուց հնացած սարքավորումների միջոցով: 

Ինչպես նշել է Վիգեն Թոփուզյանը, սարքավորումների պակասի խնդրին բախվում են ոչ միայն քիմիկոսները, այլեւ, օրինակ, ֆիզիկոսները եւ շատ այլ մասնագետներ, որոնք զբաղվում են հետազոտություններով եւ նոր մշակումներով: 

Ինչպես նշել է Վիգեն Թոփուզյանը, նոր դեղերի մշակմամբ զբաղվող հայ մասնագետներին անհրաժեշտ է նաեւ կենդանիների պահոց, որտեղ հնարավոր լինի փորձեր կատարել:   Մի ժամանակ նրանք ունեին կենդանիների պահոց, սակայն տարիներ առաջ այն քանդել են, իսկ տեղում նոր բնակելի շենք է կառուցվել: