Գարնան եւ ամռան ժամանակաշրջանում Զիկա վիրուսի տարածման վտանգը Եվրոպայում կավելանա: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ժուժաննա Յակաբը:

«Եվրոպական բոլոր երկրները, որտեղ Aedes տեսակի մոծակներ կան, Զիկա վիրուսի տարածման վտանգի տակ են: Գարնանն ու ամռանն այդ վտանգը կավելանա»,- ասել է նա:

ԱՀԿ տվյալներով, 2015 թվականին Զիկա վիրուսի տեղային փոխանցման դեպքեր են արձանագրվել 32 երկրներում, որոնցից 26-ը տեղակայված է Արեւմտյան կիսագնդում:

Ցանկում ներառված են Արեւմտյան կիսագնդի հետեւյալ պետություններն ու տարածքները. Բարբադոս, Բոլիվիա, Բրազիլիա, ԱՄՆ-ի Վիրջինյան կղզիներ, Դոմինիկյան Հանրապետություն, Հայիթի, Գայանա, Ֆրանսիական Գվինեա, Գվադելուպա, Գվատեմալա, Հոնդուրաս, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Կյուրասաո, Մարտինիկա, Մեքսիկա, Նիկարագուա, Պանամա, Պարագվայ, Պուերտո Ռիկո, Սալվադոր, Սեն Մարտեն, Սուրինամ, Էկվադոր եւ Ջամայկա:

Հարավ-արեւելյան Ասիայում Զիկա վիրուսի փոխանցման դեպքեր են գրանցվել Մալդիվներում, Աֆրիկայում՝ Կաբո Վերդեում, Արեւմտյան-Խաղաղօվկիանոսկան տարածաշրջանում՝ Վանուատուում, Ֆիջիում, Սամոայում եւ Սողոմոնյան կղզիներում: