Հայդարաբադից հնդկական դեղագործական Bharat Biotech ընկերությունը հայտնել է Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման գործում մեծ առաջընթացի մասին, տեղեկացնում է The Times of India-ն: Ֆիրմայի ներկայացուցչի խոսքով, մշակումներից մեկն արդեն կենդանիների վրա մինչկլինիկական  փորձարկումների փուլում է: 

Ընկերությունը դեռեւս մեկ տարի առաջ էր սկսել աշխատել Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութի վրա, ինչը մրցակիցների համեմատ նրան առավելություն է տվել, պարզաբանել է ֆիրմայի ներկայացուցիչ Կրիշնա Էլլան:  «Կարծում ենք, որ  ժամանակային առավելություն ունենք, որպես այդ ոլորտում առաջամարտիկներ, մենք հավանաբար աշխարհում առաջինը կկարողանանք արտոնագրել այդ պատվաստանյութը», - ասել է նա:

Ներկայումս ընկերությունը երկու պոտենցիալ կերպով հաջողակ մշակում ունի այդ ոլորտում: Դրանցից մեկը, ապաակտիվացված պատվաստանյութն արդեն կենդանիների վրա փորձարկումների փուլում է: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, ներկայումս Զիկա տենդով հիվանդացման դեպքեր են գրանցվել արդեն   23 երկրում: Միաժամանակ բնակչության ամենախոցելի խումբը հղի կանայք են, որովհետեւ վիրուսն արտահայտված   տերատոգեն ազդեցություն ունի եւ պտղի մեջ լուրջ պաթոլոգիաներ է առաջացնում:

Ամերիկյան Ֆլորիդայի նահանգի չորս օկրուգում Զիկա վիրուսի պատճառով արտակարգ ռեժիմ է հայտարարվել, տեղեկացնում է  Bay News-ը: Նահանգում ընդհանուր առմամբ հիվանդացման ինը դեպք է գրանցվել, դրանք բոլորը բերել էին այն երկրներից եկածները, որտեղ համաճարակ է հայտարարվել:

Նախօրեին ԱՄՆ-ում արձանագրվել է վիրուսի մարդուց մարդու փոխանցման առաջին դեպքը: Դա տեղի է ունեցել Թեքսասում. նահանգի իշխանությունները հաստատել են, որ հիվանդությունը փոխանցվում է սեռական ճանապարհով:  

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Զիկա վիրուսի տարածումը համաշխարհային սպառնալիք է համարել: ԱՀԿ-ում վիրուսի դեմ պայքարի հատուկ բաժանմունք է ստեղծվել: Վերջին անգամ նման միջոցների էին դիմել Էբոլայի տենդի համաճարակի ժամանակ: