Ռուս սպառողները 2016-ի երկրորդ կեսին կարող են դեղատներում դեղամիջոցների պակաս զգալ, գրում է «Իզվեստիա» թերթը` վկայակոչելով Stada SIC (մտնում է Stada AG ընկերությունների միջազգային խմբի մեջ) ընկերության տնօրեն Իվան Գլուշկովին:
Նրա խոսքով, նախ եւ առաջ, կրճատվում են այն դեղամիջոցների մատակարարումները, որոնք ներառված են ԿԱԿԴՄ-ի (կենսականորեն անհրաժեշտ եւ կարեւոր դեղամիջոցների) ցանկում:
«ԿԱԿԴՄ-ի մեջ ներառված ներմուծվող դեղամիջոցների մեծամասնության ծավալներն այժմ լրջորեն սահմանափակված են, – թերթին պատմել է Գլուշկովը: –Ռուբլու անկման հետեւանքով այդ դեղամիջոցները կամ եկամտաբեր չեն կամ էլ անեկամտաբերության շեմին են: Մենք ստիպված ենք որոշ դեղամիջոցներ ընդհանրապես բացառել պորտֆելից: Նրանցից հրաժարվում ենք ռուսական շուկայում դրանց անհեռանկարայնության պատճառով»:
Թերթի տվյալներով, դեղատներն այժմ արդեն հակաբիոտիկների, ցավազրկողների, սրտայինների եւ ալերգիկների համար մի շարք դեղամիջոցների պակաս են զգում. դրանք տասնյակ դեղամիջոցներ են ինչպես ներմուծված, այնպես էլ հայրենական արտադրության: Գլուշկովը ճշտել է, որ նախ եւ առաջ կրճատվում են «ամենօրյա կանոնավոր թերապիայի դեղամիջոցների մատակարարումները, որոնք հեշտորեն փոխարինվում են տեղական արտադրության համանման դեղամիջոցներով»: Դրանց համար սպառողները պատրաստ չեն թանկ վճարել: «Այսպես կոչված կենսափրկիչ ներմուծված դեղամիջոցներն ավելի եկամտաբեր են, որովհետեւ գնորդները պատրաստ են դրանց համար բարձր գին վճարել, ասել է փորձագետը: Դրանք ազդում են կյանքի կամ նրա որակի վրա»:
Միաժամանակ, նրա խոսքով, անհնար է դեղամիջոցների գները բարձրացնել ռուբլու փոխարժեքի անկմանը համաչափ:






