Որոշ հիվանդներ իմանալով, որ քաղցկեղ ունեն, պատրաստ են լինում ձեռքերն իջեցնել եւ դադարեցնել պայքարը: Նրանց հոգեկան ծանր վիճակը հաճախ բարդացնում է բուժման գործընթացը եւ վատացնում կանխատեսումները: Արժե դա հաշվի առնելով ուռուցքային հիվանդին ասել, որ ինքը հիվանդ է:
Ուռուցքային վիրաբույժ Արմեն Քոչարյանը կարծում է, որ առնվազն հիվանդի հարազատները պիտի անպայման իմանան նրա ախտորոշումը: Սակայն ցանկալի է, որ ինքը` հիվանդն էլ իմանա դա եւ հստակ պատկերացում ունենա, թե ինքն ինչ հիվանդության դեմ է պայքարում:
Իհարկե մասնագետները պիտի իմանան, թե ճշգրիտ ինչպես է պետք հիվանդներին տեղյակ պահել իրենց ախտորոշման մասին, որպեսզի արձագանքը համարժեք լինի եւ որպեսզի նրանք ամեն ինչ հասկանան: Ինչպես նշել է Արմեն Քոչարյանը, մասնագետին կարող է հիվանդի հետ երկար զրույց անհրաժեշտ լինել եւ նա պիտի անի ամեն հնարավորը, որպեսզի զրույցի ընթացքում նրան բացատրի, թե ինչ է նշանակում այդ ախտորոշումը, թե հիվանդը քաղցկեղի ինչ տեսակ ունի, ինչ փուլում, ինչ կանխատեսումներ կան, բուժման ինչ տարատեսակներ եւ ինչ արդյունքներ կարելի է սպասել:
Ուռուցքային վիրաբույժի կարծիքով, եթե հիվանդը հասկանա այդ ամենը եւ հստակորեն պատկերացնի, թե ինքը եւ բժիշկներն ինչ են անում եւ ինչի համար, դա կօգնի բուժման ընթացքին:
Ուռուցքաբան Ռաֆայել Սարգսյանը եւս կարծում է, որ ցանկալի է, որ հիվանդն իմանա, թե ինքն ինչով է հիվանդ: Հիվանդների մեծամասնությունը, նրա խոսքով, վաղ թե ուշ իմանում է իր ախտորոշումը, դա ընդամենը ժամանակի հարց է: Բայց թե ինչպես եւ երբ դա ասել հիվանդին, կախված է իր` հիվանդի եւ նրա հարազատների բնավորությունից եւ մտակերտվածքից: Որոշ հիվանդների արժե ախտորոշումը հայտնել անմիջապես, իսկ մյուսներին` որոշ ժամանակ անց, նախապատրաստությունից հետո:
Այնուամենայնիվ, գործնականում շատ ուռուցքաբանների մոտ դեպքեր են լինում, երբ նրանք հիվանդներին չեն հայտնում իրենց առկա ախտորոշումը: Նման հիվանդներից որոշները հաջողությամբ բուժում են անցել եւ արդեն երկար տարիներ շարունակական վերականգնման մեջ են. Նրանք մինչեւ հիմա չգիտեն, որ քաղցկեղով հիվանդ են եղել:






