Ժպիտը երբեք չի պակասում իմ դեմքից, իսկ այս ուղին ինձ ավելի ուժեղ եւ իմաստուն է դարձնում: Երեւանում կայացած «Երբեք մի հանձնվիր» խորագրով ակցիայի ժամանակ այս մասին հայտարարեց կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ Անի Հայկունին:

Ասում է՝ հիվանդության դեմ պայքարում է անցյալ տարվա հուլիսից, այն խառնեց իր բոլոր ծրագրերը: Անին պատրաստվում էր Օքսֆորդում ուսանել, երբ 2015 թվականի ամռանն իմացավ ախտորոշումը. կրծքագեղձի ագրեսիվ տիպի քաղցկեղ: Եվ սկսեց պայքարել: Նրա խոսքով, այս ընթացքում շատ բան հասկացավ ու վերաիմաստավորեց կյանքը եւ, ամենակարեւորը, հասկացավ, որ քաղցկեղից չպետք է վախենալ, այլ հարկավոր է ընդունել այն: «Ինձ համար սա դադար առնելու, կյանքս վերաիմաստավորելու, արածն ու չարածը վերանայելու հնարավորություն էր, նաեւ հասկանալու, թե ինչ կուզեի անել, բայց մինչեւ հիմա չեմ արել»,- պատմեց նա: Անին սիրելի զբաղմունք է գտել՝ նկարչություն եւ լուսանկարչություն:

Աղջիկը պատմեց նաեւ այն խնդիրների մասին, որոնց քաղցկեղով հիվանդները Հայաստանում բախվում են բուժման ընթացքում: Ասում է՝ խնդիրն ամենեւին էլ բժիշկների մեջ չէ, մենք լավ բժիշկներ ունենք, խնդիրը դեղորայքի հասանելիության մեջ է: Եվ բազմաթիվ են մարդիկ, որոնք չեն կարողանում վճարել:
Անիի համար ընկերները դրամահավաք են կազմակերպել, եւ արդեն հավաքվել է անհրաժեշտ 400 հազար դոլարի 70%-ը: Նրա համար դրամական միջոցների նվիրաբերության արկղ կար նաեւ հենց այստեղ՝ դահլիճում:

«Երբեք մի հանձնվիր» ակցիան կազմակերպել էր Հայաստանի Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան՝ Առողջության հայ-ամերիկյան կենտրոնի եւ «Պրոմ-Թեստ» լաբորատորիայի աջակցությամբ: Կենտրոնի բժիշկներ Անի Հակոբյանն ու Մարինա Հակոբյանը զեկույց ներկայացրեցին կրծքագեղձի եւ արգանդի քաղցկեղի մասին:
«Պրոմ-Թեստ» լաբորատորիան ակցիայի մասնակիցներին առաջարկեց հարցաթերթիկ լրացնել, ինչից հետո կգնահատվի ռիսկի խումբը եւ BRCA1/BRCA2 քաղցկեղային գեների անվճար թեստ կկատարվի:
Վերջում կայացավ համերգ։







