Մահացել է անվանի հայ վիրաբույժ Ալֆրեդ Արմենակի Մկրտչյանը։

Ալֆրեդ Մկրտչյանը ծնվել է 1935 թվականին Գյումրիում: 1958թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանը: Մինչեւ 1962թ. աշխատել է վիրաբույժ, այնուհետեւ ղեկավարել է Դիլիջանի քաղաքային բուժմիավորման վիրաբուժական բաժանմունքը:

1962-1964թթ. կլինիկական օրդինատոր է եղել Սրտաբանության ինստիտուտում: 1964-1967թթ. Սրտաբանության եւ սրտային վիրաբուժության ինստիտուտում աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող: 1967-1974թթ. ղեկավարել է նույն բաժանմունքը:

1991-1992թթ. եղել է «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի տնօրենը: 2004թ. նույն բժշկական կենտրոնում աշխատել է որպես տնօրենի տեղակալ, ղեկավարել է պրոֆեսոր Գեւորգյանի անվան անոթային վիրաբուժության բաժանմունքը:

Բժշկական գիտությունների դոկտորը նաեւ Անգիոլոգների եւ ֆլեբոլոգների հայկական ասոցիացիայի նախագահն էր:

Անվանի բժիշկը մեծ ներդրում է ունեցել նաեւ բժշկագիտության մեջ: Հեղինակել է ավելի քան 185 գիտական աշխատություն: Ներդրել է վիրահատական նորագույն մեթոդներ: