Նոր սրտախթանիչը կարող է զգալիորեն լավացնել սրտի հիվանդություններով տառապող մարդկանց կյանքը: Ի տարբերություն ժամանակակից էլեկտրասրտախթանիչների՝ սարքը հնարավոր է փոխպատվաստել առանց վիրահատական միջամտության եւ առանց մետաղալարերի:

Ավանդական սրտախթանիչների նման նոր սարքն օգտագործվում է չափազանց դանդաղ սրտխփոցների դեպքում՝ հիվանդություն, որը հայտնի է բրադիկարդիա անունով: Այն դիտարկում է սրտի էլեկտրական ռիթմը, եւ եթե սիրտը չափազանց դանդաղ է զարկում, ապահովում է էլեկտրական խթանում՝ այն կարգավորելու համար:

«Պատմականորեն այնպես է ստացվել, որ սրտախթանիչները եւ դեֆիբրիլյատորները բավական մեծ մետաղական սարքեր են,- ասում է Փալմ Բիչի կլինիկայի սրտանոթային կանխարգելման բաժանմունքի տնօրեն բժիշկ Չոնսի Քրենդալը:- Մեր նպատակը միշտ եղել է դրանք փոքրացնելը: Հիմա ժամանակակից միկրոպրոցեսորների օգնությամբ մեզ վերջապես դա հաջողվել է»:

Մանհեթենում գտնվող Մաունթ Սինայ հիվանդանոցի աշխատակիցները հաջողությամբ փոխպատվաստել են առաջին նոր էլեկտրասրտախթանիչը: Սարքը տեղադրվում է կաթետերի միջոցով, որը մտցվում է ազդրի երակի մեջ:

Անլար սրտախթանիչի առավելությունն այն է, որ վիրաբուժական գրպանիկն ամբողջովին հեռացվում է, եւ հիվանդի կրծքի տակ սարքը չի երեւում: Նաեւ՝ կտրվածքների սպիներ չեն մնում, հիվանդի շարժումները չեն սահմանափակվում:

Փոխպատվաստումը տեւում է ընդամենը 10-15 րոպե, հաղորդում է Newsmax Health-ը։

Նախքան նոր սրտախթանիչի լայնորեն հասանելի դառնալը՝ այն պետք է FDA-ի հավանությանն արժանանա: Մինչ այդ այն կօգտագործվի միայն կլինիկական փորձարկումների համար: