ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մասնակցությամբ բժշկական օգնության որակի եւ կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծված հանձնաժողովը հերթական հանդիպման ժամանակ քննարկեց մի շարք հարցեր, այդ թվում՝ հղիության ախտաբանության համավճարի ներդրման հարցը: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ նախարարության մամլո ծառայությունից։
Օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ներկայացրեց առողջապահական հաստատությունների վարկանիշային մակարդակների սահմանման չափանիշները, որոնց հիմքում ընկած են բուժօգնության իրականացման, մատուցվող բժշկական ծառայությունների որակի եւ անվտանգության, կադրային ներուժի գնահատման, սարքավորումներով հագեցվածության եւ սպասարկման պայմանների բարելավման, ինչպես նաեւ ֆինանսատնտեսական գործունեության գնահատման ցուցանիշները:
Որպես բժշկական օգնության որակի եւ կոռուպցիոն ռիսկերի վերահսկման միջոցառումներ` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ներկայացրեց բժշկական կազմակերպություններում իրականացված մշտադիտարկման արդյունքները:
Վահան Պողոսյանն անդրադարձավ նաեւ բժշկական երկրորդ կարծիքի ինստիտուտի փորձարարական ներդրմանը եւ դրանից բխող հարցերին:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն իր խոսքում ընդգծեց, որ բժշկական երկրորդ կարծիքի ինստիտուտի ներդրումը նպատակ ունի պաշտպանել թե բուժօգությունից օգտվողների, թե բժիշկների իրավունքները:
«Երկրորդ կարծիքի ինստիտուտի ներդրումը հնարավորություն կտա բարդ եւ դժվար ախտորոշվող հիվանդությունների ախտորոշումն ու բուժումն առավել արդյունավետ իրականացնել, ծանր եւ կասկածելի իրավիճակներում համատեղ լուծումներ գտնել, ինչպես նաեւ նվազեցնել սխալվելու հավանականությունը»,-նշեց նախարարը:
ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացրեց հղիության ախտաբանության համավճարի ներդրման հարցը:
Հանձնաժողովի անդամները կոռուպցիոն ռիսկերի վերահսկման եւ ստվերայնության կրճատման կարեւոր գրավական համարեցին զսպող մեխանիզմների կիրառումը, միեւնույն ժամանակ նկատեցին, որ հղիության ախտաբանության համավճարի ներդրման հարցում պետք է հստակեցնել մեխանիզմները:






