Երեխաներն ու մեծերը սովորաբար քաղցկեղի տարբեր տեսակներով են հիվանդանում: Մեծահասակների շրջանում առավել տարածված է թոքերի եւ կրծքի քաղցկեղը, սակայն երեխաների մոտ այդ հիվանդությունները հազվադեպ են հանդիպում: Ի՞նչ ուռուցքային հիվանդություններ են տարածված երեխաների շրջանում:
Հայկական «Քաղցկեղով հիվանդ երեխաների բարեկամներ» ասոցիացիայի ղեկավար Գրիգոր Բադալյանի տվյալներով, երեխաների չարորակ նորագոյացությունների մոտ 40 տոկոսը արյան եւ ավշային համակարգի քաղցկեղն է (լեյկոզներ, լիմֆոմաներ): Երկրորդ տեղում գլխուղեղի եւ կենտրոնական նյարդային համակարգի քաղցկեղն է (15 տոկոս), երրորդ տեղում` ոսկրերի քաղցկեղը (11 տոկոս), իսկ չորրորդում` երիկամներինը (7 տոկոս): Քաղցկեղի մնացած բոլոր տարատեսակները, ներառյալ ռետինոբլաստոման (աչքերի քաղցկեղը), լյարդի եւ փափուկ հյուսվածքների քաղցկեղը երեխաների մոտ անհամեմատ ավելի հազվադեպ են հանդիպում:
Տղաներն ու աղջիկները քաղցկեղի տարբեր տեսակներո՞վ են հիվանդանում:
Ինչպես նշել է ուռուցքաբան Արաքսյա Հովհաննիսյանը, երեխաների շրջանում, անկախ սեռից, տարածված են քաղցկեղի նույն տեսակները: Լիմֆոմաները եւ լեյկոզները, օրինակ, հանդիպում են եւ տղաների, եւ աղջիկների մոտ: Ճիշտ է, տղաների մոտ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ոսկրերի քաղցկեղն անհամեմատ ավելի հաճախ է հանդիպում, քան աղջիկների մոտ: Բացի այդ, տղաներին, ինչպես եւ պետք էր սպասել, ավելի բնոլրոշ են տղամարդկային սեռական համակարգին եւ տղամարդկային հորմոններին բնորոշ քաղցկեղի տեսակները, իսկ աղջիկների մոտ լինում են կանացի սեռական համակարգի եւ սեռական հորմոնների հետ կապված տարատեսակներ: Սակայն քաղցկեղի այդ բոլոր տեսակները երեխաների մոտ բավականին հազվադեպ են հանդիպում:
Միջազգային վիճակագրության համաձայն, չարորակ ուռուցքներով հիվանդացումը երեխաների մոտ ավելի ցածր է, քան մեծերի եւ 100 000 երեխայի կտրվածքով մոտավորապես 15 դեպք է կազմում. դա նշանակում է, որ մոտավորապես ամեն 450 երեխայից 1-ը քաղցկեղով է հիվանդանում: Չափահասների շրջանում, իմիջիայլոց, այդ ցուցանիշն անհամեմատ ավելի բարձր է: Այնուամենայնիվ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրությամբ, հենց քաղցկեղն է երեխաների շրջանում իր հաճախությամբ մահացության երկրորդ պատճառը` բռնի մահվան դեպքերից հետո (վնասվածքներ, սպանություններ, ինքնասպանություններ):






