Երեխաների մոտ ուռուցքային հիվանդությունների 70-80 տոկոսն անբուժելի է, եթե իհարկե դրանք ժամանակին չախտորոշվեն եւ ճիշտ բուժում չիրականացվի: Քաղցկեղային հիվանդություններն ինչպե՞ս են ի հայտ գալիս երեխաների մոտ: Ծնողներն ինչպե՞ս երեխայի մոտ նման հիվանդություն կասկածեն:
Ուռուցքաբան եւ քիմիաթերապիայի մասնագետ Դիանա Ասլանյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ երեխաների մոտ ուռուցքային հիվանդությունները սովորաբար ի հայտ են գալիս այնպիսի ախտանիշներով, որոնք բնորոշ են նաեւ շատ այլ հիվանդությունների: Օրինակ, եթե երեխան սովորաբար ակտիվ է, լավ է սնվում, բայց հանկարծ պասիվ, թոշնած է դառնում, սկսում է արագ հոգնել, կորցնում է հետաքրքրությունը խաղերի ու այն ամենի հանդեպ, ինչը նախկինում դուր էր գալիս իրեն, դա կարող է քաղցկեղային հիվանդություն մատնանշել:
Քաղցկեղի ախտանիշներ կարող են լինել նաեւ առանց պատճառի բարձրացող ջերմաստիճանը, ախորժակի կորուստը, ուռուցքների որոշ տեսակների դեպքում` ստամոքսի հատվածում ցավերը, մարսողության, միզելու խնդիրները:
Հայ ծնողների մեծամասնությունը, մասնագետների խոսքով, շատ ուշադիր է իր երեխաների հանդեպ եւ ցանկացած տագնապալի ախտանիշ նկատելով` նրանց բժշկի է տանում: Այդ պատճառով երեխաների մոտ քաղցկեղի վաղ ախտորոշման համար կարեւոր է, որ մանկաբույժները եւ թերապեւտները բավականաչափ տեղեկություններ եւ որակավորումներ ունենան, որպեսզի կարողանան ժամանակին բուժել քաղցկեղը եւ հիվանդներին ուռուցքաբանների մոտ ուղարկել:
Հիմնական բարդությունն այն է, որ բոլոր վերոհիշյալ ախտանիշները կարող են ի հայտ գալ նաեւ այլ հիվանդությունների պատճառով, եւ միայն գրագետ բժիշկը կարող է հասկանալ դրանց իրական պատճառը:
Մեկ այլ դժվարություն է այն, որ երեխաների մոտ քաղցկեղը սովորաբար շատ արագ է զարգանում. դրա ի հայտ գալուց մինչեւ չորրորդ փուլը կարող է ընդամենը մի քանի ամիս տեւել, այդ պատճառով ծայրաստիճան կարեւոր է, որ ծնողները, որեւէ խնդիր կասկածելու դեպքում չհետաձգեն բժշկին այցը, իսկ բժիշկը, տեսնելով, որ իր բուժումն այնպես չի ազդում, ինչպես պետք է, ուռուցքային հիվանդություն կասկածի եւ հնարավորինս արագ երեխային ուղարկի համապատասխան մասնագետների մոտ, չէ՞ որ որքան արագ ախտորոշվի հիվանդությունը, այնքան մեծ կլինեն երեխայի` հիվանդությունը հաղթահարելու շանսերը:






