Զիկա վիրուսի տեսանկյունից վտանգավոր երկրներ այցելած ռուսաստանցիները հայրենիք վերադառնալուց հետո մեկ ամսվա ընթացքում պիտի սեռական շփումների ընթացքում պահպանակներ օգտագործեն եւ խուսափեն համբույրներից:   Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության ԿԳՀԻ-ին: 

Գործակալության զրուցակցի խոսքով, հիվանդության գաղտնի ինկուբացիոն ժամանակահատվածը մոտ յոթ օր է:  «Եթե այդ ժամանակահատվածից հետո դուք այնուամենայնիվ հիվանդանաք, պետք է առողջանալուց հետո եւս երկու շաբաթ պաշտպանվել, որովհետեւ վիրուսը քիչ է ուսումնասիրված եւ առայժմ   հնարավոր չէ ճշգրիտ ասել, թե որքան երկար կարող է պահպանվել կենսաբանական միջավայրերում», — նշել է համաճարակաբանը: 

Փորձագետը զգուշացնում է, որ թքի մեջ վիրուսի խտությունն անհամեմատ ավելի մեծ է, քան սերմնահեղուկում, այդ պատճառով զբոսաշրջիկները տուն վերադառնալուց հետո պիտի մի որոշ ժամանակ զերծ մնան համբույրներից: 

Փետրվարի 15-ին Ռոսպոտրեբնադզորը հայտնել էր Ռուստանում Զիկա վիրուսով հիվանդացման առաջին դեպքի մասին: Ինչպես ճշտել են տեսչությունից, վարակվել է Մոսկվայի  բնակչուհին, որը հանգստացել էր Դոմինիկյան Հանրապետությունում:   

2015-ին Աֆրիկայից եւ Ասիայից Հարավային Ամերիկա հասնելով` Զիկա վիրուսը շատ արագ տարածվել է մայրցամաքում: Վարակումը տեղի է ունենում   Aedes aegypti մոծակների միջոցով, որոնք դենգե, չիկունգունյա եւ դեղին տենդ հիվանդությունների փոխանցողներ են: