Հայ-իրանական համագործակցությունն առողջապահության ոլորտում  սերտացնելու նպատակով Հայաստան է ժամանել Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են անվանի մասնագետներ, առողջապահության ոլորտի կազմակերպիչներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Հայաստան է ժամանել նաեւ Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը: Արմեն Մուրադյանը ողջունելով պատվիրակության անդամներին` նշեց, որ Հայաստանը եւ Իրանը հաջողությամբ համագործակցում են նաեւ միջկառավարական հանձնաժողովի շրջանակում:

«Ուրախ եմ ողջունելու Ձեզ Հայաստանում եւ գոհունակություն եմ հայտնում առողջապահության բնագավառում երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամության համար: Մոտ երկու ամիս է անցել մեր պատվիրակության Իրան կատարած այցից, որը թույլ տվեց ամրապնդել երկկողմ գործընկերային կապերը եւ կնքել նոր համագործակցության համաձայնագիր՝ գործնական նոր հեռանկարներով»,- ասաց  նախարարը` կարեւորելով փոխայցելությունները:

Համաձայնագրի շրջանակում երկու կողմերը ստեղծել են աշխատանքային խմբեր՝ առողջապահության նախարարների տեղակալների մակարդակով:

«Վստահ ենք, որ  հայ գործընկերների հետ Ձեր բանակցությունները դրական արդյունք կունենան՝ ի օգուտ մեր ժողովուրդների առողջության»,- ընդգծեց նախարարը:

Ընդհանուր առմամբ, այս տարիների ընթացքում երկու կողմերի միջեւ կազմակերպվել են բազմաթիվ փոխայցելություններ` մասնագիտական փորձի փոխանակման նպատակով, պարբերաբար իրականացվել է հիգիենիկ համաճարակային իրավիճակի մասին տեղեկատվության փոխտրամադրում եւ փոխօգնություն:

«Առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության եւ բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիին՝ հանրային առողջապահության խնդիրները համատեղ քննարկելու նպատակով Հայաստանում կայանալիք նախարարական համաժողովին մասնակցելու իմ հրավերն ընդունելու համար»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ օրեր առաջ Մեղրիում բացվել է տարածաշրջանային նշանակության բժշկական  նորագույն կենտրոն, որը կարող է գրավիչ լինել նաեւ Իրանի  բժշիկների համար:

Համագործակցության ամբողջ ներուժն օգտագործելու նպատակով հատկապես կարեւորվեց հարեւան պետությունների սերտ համագործակցությունը առողջապահության բոլոր ուղղություններով:

Իրանի առողջապահության նախարարի տեղակալի Ռասոուլ Դինարվանդի խոսքով՝ իրենց երկիրը հետաքրքրված է Հայաստանի հետ առողջապահության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ:

«Մենք ցանկանում ենք առողջապահության ոլորտում օգտագործել բոլոր հնարավորություններն առավել  արդյունավետ համագործակցելու համար»,-  ասաց նախարարի տեղակալը:

Նա նշեց, որ իրանական մասնավոր հատվածը հետաքրքրված է մեր երկրում ներդրումներ կատարելու, մասնավորապես` բժշկական կենտրոն ստեղծելու նախաձեռնությամբ:

Որպես համագործակցության լայն հնարավորություն ընձեռող ոլորտ առանձնացվեց նաեւ դեղարտադրությունը: Քննարկվեցին դեղերի արտադրության առաջավոր մեթոդների եւ տեխնոլոգիաների զարգացմանը, ներմուծման եւ արտահանման խթանմանը, փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր: 

Պատվիրակությունն կայցելի նաեւ ՀՀ մարզեր, ինչպես նաեւ  հայաստանյան դեղարտադրող խոշոր կազմակերպություններ:

Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերին Թեհրան կատարած այցի շրջանակում  ստորագրվել է «Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջեւ առողջապահության եւ բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը նպաստում է  Հայաստանի եւ Իրանի առողջապահության նախարարությունների միջեւ համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաեւ բնակչության առողջության բարելավմանը: