Կոնքային օրգանների բորբոքումը խնդիր է, որի գոյության մասին շատերը չեն էլ լսել, բայց որը կարող է լուրջ հետեւանքների հանգեցնել, օրինակ` կանացի անպտղության, պնդում են Մելբուրնի համալսարանի մասնագետները:
Փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների պատճառը կանացի վերաարտադրողական օրգանների` արգանդի, ֆալոպյան փողերի եւ ձվարանների վարակն է: Եթե դրանք չբուժվեն, կարող են ոչ միայն անպտղության հանգեցնել, այլեւ խրոնիկական ցավերի եւ արտաարգանդային հղիության:
Մելբուրնի համալսարանի հետազոտողները պնդում են, թե աշխարհում կանանց մոտ փոքր կոնքի բորբոքային հիվանդությունների մեղմ համաճարակ է դիտարկվում (ՓԿՕԲՀ): Շատ հաճախ դրա պատճառ են դառնում սեռական եղանակով փոխանցվող հիվանդությունները, ինչպես նաեւ աբորտները եւ ներարգանդային պարույրները: Առավել տարածված բարդացում է համարվում ֆալոպյան փողերի ներսում վիրասպիների առաջացումը, ինչը փողային անպտղության է հանգեցնում:
Ընդհանուր առմամբ, ՓԿՕԲՀ-ի պատճառով խրոնիկական բարդացումների ռիսկը կախված է նախադեպերի ծանրությունից եւ քանակից: Հիմնական խնդիրն այն է, որ շատ կանայք նույնիսկ չեն ենթադրում, թե իրենք նման խնդիր ունեն:
Չնայած ՓԿՕԲՀ-ների մեծամասնությունը հնարավոր է հակաբիոտիկներով բուժել, դեղերը չեն կարող հետ շրջել վարակի հետեւանքով արդեն առաջացած գործընթացները: Մյուս կողմից, դեպքերի մեծ մասում նման բորբոքային հիվանդություններով կանայք նորմալ բուժում չեն ստանում. նույնիսկ նորմալ ախտորոշում չեն ստանում:
ՓԿՕԲՀ-ի ախտորոշման լավագույն միջոցն այս պահին համարվում է լապարոսկոպիկ վիրաբուժությունը: Սակայն դրա արժեքն ու պրոցեդուրայի բարդությունն այն անմատչելի են դարձնում կանանց մեծամասնության համար:
ՓԿՕԲՀ-ի եւ դրանց հետեւանքով ի հայտ եկող բարդացումների կանխարգելման համար մասնագետները խորհուրդ են տալիս անվտանգ սեքսի եւ պահպանակների օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն տարածել:






