Մարտի 8-ից ապրիլի 7-ը Հայաստանում հայտարարվելու է կանանց առողջության պահպանման միամսյակ, որի շրջանակներում Երեւանում եւ մարզերում կանանց կտրամադրվեն անվճար մի շարք հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում` կիրականացվեն անվճար վիրահատություններ: Այս մասին փետրվարի 24-ին առողջապահության նախարարությունում խորհրդակցության ժամանակ հայտնեց նախարար Դերենիկ Դումանյանը։

Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեցին ԱՆ մամլո ծառայությունից, Խորհրդակցության ժամանակ հստակեցվեցին պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում նախարարության ներկայացուցիչների կողմից մշտադիտարկումը շարունակելու կազմակերպական հարցերը։ Նախարարի նախաձեռնությամբ եւ հանձնարարությամբ անցած տարվա նոյեմբերից իրականացված մշտադիտարկման արդյունքները ցույց տվեցին, որ դրանք նպաստում են բժշկական օգնության որակի բարձրացմանը։

Քննարկվեցին նաեւ այլ հարցեր։