Եթե Զիկա վիրուսի կապը երեխայի զարգացման ծանր արատների` միկրոցեֆալիայի եւ Հիենա-Բարեի համախտանիշի հետ հաստատվի, աշխարհում այդ վիրուսի տարածումը կարող է շատ լուրջ հետեւանքներ ունենալ: Այդ մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայտարարության մեջ:
«Եթե ենթադրվող կապերը հաստատվեն, դրա մարդկային եւ հասարակական հետեւանքները ավելի քան 30 երկրի համար, որտեղ վերջերս Զիկա վիրուսի բռնկումներ էին արձանագրվել, ծայրաստիճան լուրջ կլինեն», - ասված է հայտարարության մեջ:
Զիկայի դեմ պատվաստանյութի վրա մասնագետների առնվազն 15 խումբ է աշխատում, բայց չնայած դրան, ԱՀԿ-ի գնահատականով, պատվաստանյութի ստեղծման համար առնվազն մեկ ու կես տարի անհրաժեշտ կլինի: Առայժմ պատվաստանյութ չկա, ԱՀԿ-ն այն երկրներին, որտեղ Զիկան առավել տարածված է, խորհուրդ է տալիս հիվանդությունը փոխանցող մոծակների դեմ պայքարի նոր մեթոդների դիմել: Մասնավորապես խորհուրդ է տրվում այդ նպատակով օգտագործել գենետիկական փոփոխության ենթարկված միջատների եւ մոծակների ձվերը ոչնչացնող մանրէների:
Այդ միջատների դեմ պայքարը, ԱՀԿ ներկայացուցիչների խոսքով, շատ կարեւոր է, որովհետեւ հենց դրանք են փոխանցում նաեւ դենգե, չիկունգունյա եւ դեղին տենդ հիվանդությունները:
Զիկայի հիմնական փոխանցողներ են համարվում Aedes aegypti մոծակների արուները: Կարծիք կա, որ Aedes aegypti-ի գենափոխված արուները, որոնց մեջ մտցված գենի հետեւանքով իրենց սերունդը մահանում է հասունության չհասնելով, կարող են օգնել նվազեցնելու մոծակների պոպուլյացիան, որովհետեւ այդ միջատների էգերը միայն մեկ անգամ են զուգավորվում:
Միջատների դեմ պայքարի մեկ այլ` նոր միջոց է ճառագայթման հետեւանքով ամուլ դարձած արու մոծակների մեծ քանակությամբ բաց թողնելը:
Վոլբախիա մանրէները եւս, որոնք մարդկանց համար վտանգավոր չեն, կարող են օգնել Զիկայի դեմ պայքարում, պնդում են գիտնականները: Այդ մանրէները ոչնչացնում են մոծակների ձվերը` դրանց հնարավորություն չտալով բազմանալ: Մի ժամանակ այդ մանրէներն օգտագործվում էին դենգե տենդի դեմ պայքարում, այժմ փորձում են դրանք օգտագործել Զիկայի դեմ:
Չնայած Զիկայի խնդրին համընդհանուր ուշադրությանը, դրա մասին դեռ շատ բան անհայտ է: ԱՀԿ-ի ներկայացուցիչները վստահ են, որ մոտ ապագայում հնարավոր կլինի պարզել, թե իրո՞ք կապ կա այդ վիրուսի եւ երեխաների միկրոցեֆալիայի միջեւ:






