Նիդեռլանդներում արդեն կան արյան ու սերմնաբջիջների բանկեր, իսկ հիմա այնտեղ նաեւ բացվել է արտաթորանքի առաջին եվրոպական բանկը:
Բանկի համար կենսաբանական նմուշներ են տրամադրում մարմնի նորմալ զանգվածով ու աղիների հավասարակշռված միկրոբիոմով դոնորները: Նմուշներ հանձնելու համար դոնորները բուժհաստատություն գնալու կարիք չունեն. նյութը հավաքվում է տանը՝ անանունության պայմանով: Նիդեռլանդական բանկում, ի տարբերություն ամերիկյանի, դոնորներին նրանց արտաթորանքի համար չեն վճարում:
Ինչպես նշել է Էդ Քուջիփերը Leiden University համալսարանից՝ բանկը թույլ կտա, որ բժիշկներն ու կլինիկաներն ազատորեն օգտագործեն արտաթորանքը: Այն կարելի է օգտագործել ներպատվաստման համար՝ աղիների որոշ խրոնիկ հիվանդություններ բուժելիս:
Կղղանքի պատվաստումն այսօր ցուցված է՝ միկրոբիոմի հավասարակշռության խանգարումներով պայմանավորված հիվանդությունների համար: Երբեմն դրանք առաջանում են հակաբիոտիկներով երկարատեւ բուժումից հետո: Եվ այսպես, կղղանքի ներպատվաստումը խորհուրդ է տրվում այն հիվանդներին, որոնք պսեվդոմեմբրանոզ կոլիտ ունեն, որի պատճառը հակաբիոտիկների հանդեպ կայուն միկրոօրգանիզմներ են: Այս հիվանդությունով տառապող հիվանդների մոտ նկատվում է կրկնվող դիարեա, հնարավոր է նաեւ աղիների պատերի պերֆորացիա:
Կղղանքի պատվաստման վիրահատությունները վերջին տարիներին ավելի մեծ տարածում են ստացել: Կենսաբանական նյութը հիվանդներին ներարկվում է ուղիղ աղիքի միջով, բայց կան նաեւ խմելու կապսուլաներ:






