Հայ-իրանական համագործակցությունն առողջապահության ոլորտում սերտացնելու նպատակով Հայաստան ժամանած Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդի գլխավորած պատվիրակությունը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի ուղեկցությամբ այցելեց Արարատի և Վայոց ձորի բժշկական կենտրոններ. տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Իրանի առողջապահությունը համարվում է համաշխարհային առողջապահության համակարգերից մեկը: Փորձի փոխանակությունը օգտակար կլինի մեր երկրի առողջապահության ոլորտի համար, թե ամբուլատոր-պոլիկլինիկական, թե հիվանդանոցային, թե այլ օղակներում»,- լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը:

Անվանի մասնագետներ, առողջապահության ոլորտի կազմակերպիչներ, ինչպես նաեւ մասնավոր  հատվածի ներկայացուցիչներ ընդգրկող հայ-իրանական աշխատանքային խմբերի մարզային բժշկական կազմակերպություններ այցի նպատակն է ծանոթանալ մեր երկրի բժշկական ծառայությունների հնարավորություններին եւ նախանշելու համագործակցության հետագա ուղիները:

«Իրանն ու Հայաստանն ունեցել են վաղեմի բարեկամական հարաբերություններ: Իրանի մասնավոր հատվածը շահագրգռված է  այստեղ ակտիվ գործունեություն ծավալելու գաղափարով: Հայկական կողմից  առաջարկել են, որ Վայոց ձորում կառուցվի կլինիկա: Եվ այս հարցում իրանական կողմի շահագրգռվածությունն ակնհայտ է: Կա նաեւ լավ հարթակ դեղերի եւ տեխնոլոգիայի ոլորտում գործակցության համար»,- նշեց  Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդը` հավելելով, որ քննարկվում է նաեւ համատեղ դեղագործական արտադրամասի ստեղծման հնարավորություն:

Հայ-իրանական աշխատանքային խմբերն այցելեցին նախ Եղեգնաձորի, ապա նաեւ Վայքի հիվանդանոցներ, որոնք ունեն արդիականացման ու տեխնիկական վերազինման անհրաժեշտություն:

Վայոց ձորի մարզի հիվանդանոցներում շրջայցի ժամանակ հայ մասնագետներն իրանական կողմին ներկայացրին մարզի առողջապահական կառույցների վիճակն ու նյութատեխնիկական հնարավորությունները, քննարկեցին ապագա համագործակցության վերաբերյալ երկկողմ առաջարկները:

Հաշվի առնելով նաեւ Իրանի իսլամական հանրապետության առողջապահական համակարգի վերաբերյալ միջազգային կառույցների բարձր գնահատականները՝ մեր պետությունը կարեւոր է համարում հարեւան Իրանի հետ համատեղ ծրագրերի իրականացումը:

 Թեհրանում երկու ամիս առաջ Հայաստանի ու Իրանի առողջապահության նախարարների ձեռք բերած պայմանավորվածությունները թեւակոխում են համագործակցության նոր փուլ: Հարեւան պետությունները պատրաստ են առողջապահության ոլորտում զարգացնել գործակցությունն ու ամրապնդել կապերը:

Երկու երկրների առողջապահության փոխնախարարների ղեկավարությամբ գործող աշխատանքային խմբերը հանդիպում են առաջին անգամ: